Միջազգային

Դադարեցվում են Ուկրաինայի օդային տարածքում օդանավերի ապահովագրումը

Խոշորագույն ապահովագրական ընկերությունները փետրվարի 12-ին ուկրաինական ավիափոխադրողներին հայտնել են, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը: Նման որոշումը պայմանավորված է մարտական գործողություններ սկսվելու բարձր ռիսկերով։ Այս մասին ասված է ուկրաինական SkyUp ավիափոխադրողի կայքում:

Հաղորդագրության մեջ ասվում է․ «Համապատասխանաբար, օդանավերի սեփականատերերը՝ լիզինգատուները, պահանջում են օդանավերի շուտափույթ վերադարձ ԵՄ տարածք։ SkyUp PQ0902-ի Ֆունշալ-Կիև չվերթը լիզինգատուի պահանջով ստիպված էր վայրէջք կատարել Ուկրաինայի սահմաններից դուրս։ Մեզ հաջողվել է պայմանավորվել Քիշնևում (Մոլդովա) վայրէջք կատարելու և 175 ուղևորի Կիև տեղափոխելու մասին»։

Ընկերությունից հայտնում են, որ այժմ օդանավերի վերադարձի մասին համանման պահանջներ են ստացվում այլ լիզինգատուներից: Իրավիճակը քննարկվում է պետական մակարդակով, որպեսզի ավիաընկերությունները հնարավորություն ունենան շարունակել թռիչքներն Ուկրաինա։ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը շտապ հանդիպում է անցկացնում, որտեղ պլանավորվում է որոշումներ մշակել: