Մշակույթ

«Մեռնելուց չեմ վախենում, քիչ ապրելուց եմ վախենում». այսօր Մինաս Ավետիսյանի 96-ամյակն է

Այսօր հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է՝ 96-ամյակը։

Մինասը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Ջաջուռում։ Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։

Գեղանկարչությամբ համեմատաբար ուշ է սկսել զբաղվել։ Սակայն հենց առաջին ցուցահանդեսից հետո նրա անունը մեծ ճանաչում ստացավ՝ շնորհիվ այն ժամանակների համար անսովոր ոճի ու համարձակ գույների։

Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, որն եկել էր Ջաջուռ՝ պլեների։ Պատմում են, որ գյուղացի երեխաները կասկածում են, թե Անանիկյանը լրտես է և եկել է նկարելու տեղանքը։ Նրան բռնում և տանում են գյուղ։ Այդ ժամանակ միջամտել է պատանի Մինասը։ 

Նկարչի կրտսեր որդին՝ Նարեկը պատմում է. «Հայրիկս այդտեղ է լինում․ ինքը հետաքրքիր հատկություն ուներ՝ քչախոս էր, բայց երբ խոսում էր, անգամ տարիքով մարդիկ լռում էին, լսում։ Ասում է՝ չե՞ք տեսնում՝ այս մարդը նկարիչ է, գեղեցիկ բաներ է ստեղծում։ Նոր, արդեն, ձայները կտրում են։ Մինասը հրավիրում է հոր տուն, ճանապարհին Հակոբ Անանիկյանի հագուստից բռնում է, ասում՝ գաղտնիքներդ ասա։ Հակոբը ասում է՝ «դու է՞լ ես խենթ, կարծում էի՝ նորմալ տղա ես»։ «Չէ,– ասում է հայրս,– նկարչակա՛ն գաղտնիքներդ ասա, էդ ինչպե՞ս ես արել»։ Նա էլ՝ «Ի՞նչ ասեմ, տարիների խնդիր է, պիտի նվիրվես, աշխատես, միանգամից չի լինում, ո՞ր գաղտնիքն ասեմ»։ Մինասն էլ, թե՝ «որոշել եմ նկարել»։

Անանիկյանը նրան է նվիրում իր ներկատուփն ու վրձինները, ապա խնդրում մորը՝ որդուն անպայման նկարչական կրթության տալ։

1940-ականների վերջերին քսանամյա Մինասին ընդունում են Երևանի Թերլեմեզյանի անվան ուսումնարան: «Երբ նա ընդունվեց Թերլեմեզյանի անվան ուսումնարան, տեղ չկար, սկզբում՝ մեկ տարի, քանդակի բաժնում է սովորել։ Ահավոր դժգոհում էր, թե ինչ գործ ունի այդտեղ։ Նույնիսկ գծանկարը չէր հաջողվում։ Բայց երկրորդ կուրսում, երբ փոխադրվեց գեղանկարի բաժին, «դիպլոմնիկներն» էին նույնիսկ խնդրում՝ իրենց նկարների վրա աշխատի, որ լավ գնահատականներ ստանան։ Մեկ տարում Մինասը տիրապետեց ակադեմիական վարպետությանը»,- պատմում է Նարեկը։

Մինասն  ընդունվում է Գեղարվեստական ինստիտուտ, ուր երկրորդ կուրսում մի դասախոսի անազնիվ ելույթից վրդովված՝ վիրավորում է նրան, և դա պատճառ է դառնում, որ վտարվի ուսումից: Սակայն Մինասին գնահատող տնօրենը` հեղինակավոր քանդակագործ Արա Սարգսյանը, անմիջապես օգնում է` նրան տալիս է գրություն, որով մեկնում է Լենինգրադ` շարունակելու ուսումը Գեղարվեստի ակադեմիայում: Մի քանի տարի անց, գունանկարային «ոչ ընդունելի» աշխատանքների պատճառով, պատրաստվում են նրան հեռացնել ակադեմիայից: Մինասին փրկում է իր ղեկավարի` հայտնի նկարիչ Բ. Իոգանսոնի խոսքը` «Չդիպչեք նրան, թող ինձ մոտ մնա իմ Մատիսը»...

1962 թվականին Երևանում նա մասնակցում է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ Այս ցուցահանդեսը մեծ արձագանք է ստանում՝ ճանաչում բերելով արվեստագետին։ Սա նոր խոսք ու ոճ էր գեղանկարչության մեջ։ Մինասը այդ տարի դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։

«Կարևոր չէ, որտեղ ես աշխարհ եկել, Լոնդոնու՞մ, թե՞ խուլ գյուղում։ Կարևորը, որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն ինչ տեսել ես մանուկ հասակում, կմնա քո ամբողջ կյանքում»,- մի առիթով ասել է Մինասը։

1964 թվականին Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966թ. ծնվում է առաջնեկը՝ Արմանը։ Նա այժմ Ջաջուռում գտնվող Մինասի թանգարանի տնօրենն է։ 1969թ. ծնված կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը, նույնպես նկարիչ է։

1972 թվականի հունվարի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում․ այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև՝ Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (մոտ 300 աշխատանք, որից 120-ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։ 

Արվեստանոցի հրդեհից հետո Մարտիրոս Սարյանը փորձել է օգնել որակյալ վրձիններով ու ներկերով արկղ է ուղարկել Միասին այսպիսի գրությամբ. «Սպասում եմ նոր գործերի, չմոռանաս՝ արվեստը պայքար է սիրում, պետք է միշտ ստեղծագործել»:

Մինասն այդ ընթացքում ստեղծագործում էր իր ընկերների, նաև՝ աներոջ՝ Աշոտ Մամաջանյանի արվեստանոցում, մինչև վերանորոգվեց իրը. հրդեհից հետո նրա առաջին նկարը «Ինքնադիմանկար արվեստանոցում» կտավն էր՝ ողբերգական նրբերանգներով։ Էսքիզն ու մեծադիր նկարը առաջին գործերն էին, որոնց շնորհիվ նա իր մեջ վերագտավ ստեղծագործելու ուժն ու մղումը:

Մինասը նաև որմնանկարների հեղինակ է։ Որմնանկարները ստեղծել է 1970-74թթ.։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է 20 որմնանկար, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է 500 մ2-ի։ «Որմնանկարները, որ հայրս ստեղծեց, նաև Գարուշ Հովսեփյանի շնորհիվ էր։ Գարուշը բարեխիղճ, պրոֆեսիոնալ պատվերներ էր կատարում, անընդհատ ասում էր՝ Մինաս, ընտանիք ունես, պատվեր ճարեմ, արա։ Մինասը հրաժարվում էր, ասում էր՝ պատվերի նկարիչ չեմ ցանկանում լինել։ Բայց չարաբաստիկ հրդեհից հետո Մինասը մտածում էր․ «Գարուշն ասում էր՝ պատերի վրա նկարեմ որմնանկարներ, այո, դրանք հազարամյակներ կարող են պահպանվել»,- պատմում է Նարեկ Ավետիսյանը։

1975 թվականի փետրվարի 16-ին նկարիչը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Փետրվարի 23-ին հիվանդանոցում կնքում է իր մահկանացուն։ Նրա մահվան հանգամանքները մինչ այժմ մնում են չպարզված։

«Այդ ճակատագրական գիշերը Մինասը վերադառնալիս է եղել Սպենդիարյանի անվան թատրոնից: Հրաչուհի Ջինանյանը, Ռոզա Հարությունյանը և նրա ամուսինը վերադառնալիս են եղել Երևանի դրամատիկական թատրոնից: Տեսել են, թե ինչպես մի կարմիր «Մոսկվիչ», մայթ դուրս գալով, ուժգնորեն մխրճվել է շենքի պատին: Մոտորն անշարժացել է, իսկ մեքենայի ու պատի արանքում մի մարդ է մնացել... 

Երբ տուժածին դնում են պատգարակի վրա, Ռոզա Հարությունյանը նկատում է, որ նա շարունակ աջ ձեռքի մատները կծկում է ու բաց թողնում, ասես ստուգում է ձեռքը...

Երևանը սգի մեջ էր, իսկ նա աչքերը փակել էր հավետ ու դեմքին ինչ-որ խաղաղություն էր իջել: Ժողովուրդը հրաժեշտ էր տալիս Մինասին, նրա վերջին ճանապարհը գնում էր վիշտը կրծքին սեղմած: Նայում էի Մինասին. մորուքով էր, լուսավոր դեմքով: Նա խաղաղ էր, քնած էր Քրիստոսի դեմքով և գնում էր այս աշխարհից՝ միանալու հայոց մեծերին»,- գրում է արձակագիր Կ. Թերզյանը «Ճակատագրեր, ճանապարհներ ու կարոտ» գրքում:

«Մարտի կեսերին էր, գնում եմ գիտությունների ակադեմիայի հին շենքի՝ Աբովյան փողոցի վրա գտնվող գրադրան: Մայթն անցա, մոտեցա այդ շենքի (այդ տարիների Մյասնիկյանի շրջգործկոմի) մուտքի աջ կողմի լուսամուտին: Երկար ժամանակ Մինասի արյան հետքերը կային այդ պատի վրա։ Համակ տխրությամբ նայում էի: Այսօր էլ անտարբեր չեմ կարող անցնել այդտեղով: Որբացած սրտով մտորում էի, որ մինչ այստեղ նա մարդ էր, մեզ նման մահկանացու: Այստեղից, այդ օրվանից նա դուրս եկավ իր մեծ ուղեծիրը. վերածվեց աստղի: Եվ նրա լույսն անմար է ու հավերժ` հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի նման»,- գրում է գրականագետ Վաչե Սաֆարյանը։ 

Մինասը մի առիթվ ասել է. «Մեռնելուց չեմ վախենում, քիչ ապրելուց եմ վախենում։ Եթե մի դար էլ ապրեմ և հարյուր տարեկան հասակում կարողանամ եթե ոչ վրձին, գոնե ֆլոմաստեր բռնել, դարձյալ քիչ կլինի, շատ քիչ` գույնի վերածելու այն բոլոր մտքերը, որ խառնիխուռն ապրում են գլխումս և հանգիստ չեն տալիս...»։

Պատրաստեց Արման Գալոյանը