Ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը` Կարմիր բլուրը, գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում՝ Հրազդան (հնում Իլդարունի) գետի ձախ ափին: Բլուրը կոչվեց «կարմիր»՝ կարմրավուն կավահողի պատճառով, ինչն այդ գույն էր ստացել բերդաքաղաքի այրվելուց հետո: Շինությունների վերևի` տուֆից կառուցված պատերը հրդեհի ժամանակ տաքացել էին, փշրվել և խառնվել հողի հետ՝ դարձնելով այն կարմիր:
Թեյշեբաինի բերդաքաղաքը կառուցել է Արգիշտի Բ-ի որդի Ռուսա Բ-ն՝ թագավորության հյուսիս-արևելյան սահմանները կիմմերական և սկյութական ցեղերից պաշտպանելու համար: Նոր վարչատնտեսական ու ռազմական կենտրոնը կրում էր ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը: Բերդաքաղաքը բարենպաստ ռազմավարական դիրք ուներ, ինչի պատճառով Ռուսա Բ-ն Էրեբունի ամրոցի ողջ հարստությունը տեղափոխել էր այստեղ:
1939թ.-ից սկսած՝ Կարմիր Բլուրի տարածքում արվում էին կանոնավոր լայնածավալ պեղումներ և հնագիտական հետազոտություններ` ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի, ՍՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի և Էրմիտաժի մասնակցությամբ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել էին մինչուրարտական` էնեոլիթի և վաղ բրոնզե շրջանի (XVIII-VIII մ.թ.ա.) բնակավայրերի ավերակներ: Հայտնաբերվել էին նաև քարե մարդակերպ կուռքերով հնագույն կացարաններ: Մինչուրարտական բնակավայրերը, ամենայն հավանությամբ, ոչնչացվել են Արգիշտի Ա արքայի օրոք, Ուրարտական թագավորության՝ Անդրկովկաս տարածվելու ժամանակ:
Հնագետները մանրամասն ուսումնասիրել են քաղաք-ամրոցի երկհարկանի միջնաբերդը: Առաջին հարկում էին գտնվում տարբեր արհեստանոցներ, գինու մառաններ, մթերքների պահեստներ, ձեթի և գարեջրի արտադրամասեր և այլն: Երկրորդ հարկում գտնվում էին փոխարքայի, քրմերի, զորավարների և այլ բարձրաստիճան ծառայողների պալատները և սենյակները: Հյուրասենյակների պատերը զարդարված էին որմնանկարներով:
Բերդաքաղաքում զարգացած էր հողագործությունը, ինչի կապակցությամբ այստեղ կառուցվել էր ոռոգման համակարգ. 26 դար առաջ կառուցված համակարգը մինչև այժմ գործում է: Բերդաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական տաճարի գետնախարիսխի խոշոր քարեր, որոնց վրա պահպանված արձանագրությունները վկայում են, որ տաճարը կառուցել է Արգիշտի Բ-ի որդին՝ Ռուսա Բ-ն: Մի այլ արձանագրություն թվարկում է Ուրարտուի աստվածներին զոհաբերություններ կատարելու կարգը:
Ամրոցը ուներ երկու մուտք. գլխավոր մուտքը գտնվում էր հարավային մասում: Այն ուներ լավ ամրացված դարպասներ՝ երկու խոշոր աշտարակներով և ներքին սենյակներով: Երկրորդ մուտքը գտնվում էր հյուսիս-արևմտյան անկյունում: Պատերը շարված էին խոշոր հում աղյուսներով: Պատերի վերևի մասը պսակում էին տաշված քարե քիվեր: Սենյակները երկար (30 մ) ու բարձր էին (10 մ), հատակը` հիմնականում հողաշեն: Պատուհանները վերևի մասում էին: Ամրոցի սենյակները գտնվում էին տարբեր մակարդակների վրա, ինչը պայմանավորված էր նրանով, որ շենքը կառուցված էր բլրի զառիթափ լանջին: Ամրոցը նույնպես սանդղավոր էր, նրա կենտրոնական մասը եզրայիններից բարձր էր, իսկ նրա սենյակները իրար հետ հաղորդակցվում էին փայտե կամ աղյուսե սանդուղքներով:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական ժառանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող գտածոներ՝ խորհրդանիշերով և առասպելական կենդանիներով պատկերազարդված զենքեր, ոսկորից, կավից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրեր, զանազան զարդեր, գործիքներ և կենցաղային առարկաներ, ինչպես նաև՝ այրված-ածխացած հացահատիկի, տարբեր մրգատեսակների և գունավոր գործվածքի մնացորդներ։ Սա վկայում է այն մասին, որ Ուրարտուում զարգացած էր տնտեսությունը, արվեստներն ու արհեստները: Մեծ պատմական և գեղարվեստական արժեք ունեն ուրարտական թագավորների անձնական իրերը, այդ թվում՝ Արգիշտի թագավորի բրոնզե սաղավարտը՝ զարդարված աստվածների պատկերներով:
Թեյշեբաինի բերդաքաղաքը, մինչև Ուրարտու թագավորության անկման վերջին օրերը, Անդրկովկասում ուրարտական իշխանության պատվարն էր: Այն կործանվել է մ.թ.ա VI դ.՝ սկյութների և բնիկ ցեղերի հարձակումների ժամանակ, որոնք այն հրի են մատնել: