Մշակույթ

Վիկինգյան նավերն ու համաշխարհային մշակութային ժառանգություն

Հազարավոր տարիներ շարունակ փայտե առագաստանավերը թույլ էին տալիս Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդներին՝ առևտուր անել, ձեռք բերել ազդեցություն ծովերում և մայրցամաքներում։ Դեկտեմբերին ՄԱԿ-ի մշակութային գործակալությունը հյուսիսային վիկինգյան ոճի՝ կլինկերից պատրաստված նավակներն ընդգրկել է համաշխարհային մշակութային ժառանգության շարքում: Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան ողջունել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը։

Կա վարկած, որ «կլինկեր» տերմինը հենց վերաբերվում է նավակի փայտե տախտակները ամրացնելու տեխնիկային։ Որոշման հեղինակները հուսով են, որ այն հնարավորություն կտա՝ պահպանել նավաշինության տեխնիկան, որը լայն տարածում է գտել վիկինգների դարաշրջանում։ Բացի այդ, դա թույլ կտա նավաշինության ոլորտում նորից վերադառնալ կլինկերի տեխնիկային, քանզի այժմ շինանյութն օգտագործողների թիվը նվազում է, և մարդիկ ընտրում են էժան ապակե մանրաթելերը։

Կոպենհագենից արևմուտք ընկած Ռոսկիլդեի Վիկինգների թանգարանի ղեկավար Սյորեն Նիլսենն ասում է, որ, օրինակ, թանգարանում ցուցադրված նավերում կարելի է տեսնել դրանց կառուցման, նավարկելու հմտությունները, նավարկողների գիտելիքները։ Թանգարանում են պահպանվում 11-րդ դարի վիկինգյան 5 նավակների մնացորդները, որոնք կառուցվել են կլինկերի կիրառման մեթոդով։ Թանգարանը ոչ միայն ցուցադրում է 1000 տարի առաջ կառուցված փայտե նավերի մնացորդները, այլև աշխատում է վիկինգների օրոք օգտագործված այլ նավակների վերականգնման ուղղությամբ: Գործընթացի շրջանակում պետք է կատարվեն նաև հնագիտական հետազոտություններ՝ վիկինգների դարաշրջանի մասին ավելի խորը, գործնական պատկերացում կազմելու համար։ Ահա, օրինակ, ուսումնասիրողներին հետաքրքրում է, թե որքան արագ են նավերը նավարկել և քանի մարդ են տեղափոխել: Նիլսենը, ով վերահսկում է կլինկերային ավանդույթներով կառուցված փայտե նավակների վերանորոգումը, ասում է, որ Դանիայում այժմ ապրում են կլինկերային նավակների ընդամենը 20 արհեստավոր, իսկ ողջ հյուսիսային Եվրոպայում՝ 200։

Փայտե կլինկերային նավակները ստեղծվել են միմյանց հետ կապված փայտե տախտակների օգտագործմամբ, հիմնականում կիրառվել է կաղնու փայտը, որոնցով ամրացվել են են նավի կողերը: Միջանկյալ հատվածներում լցրել են բուրդ, մամուռ, խեժ։ «Նավերը կառուցվել են հենց նույն տեխնիկայով, որի արդյունքում ստացվում է մի կաղապար, որը բավականին ճկուն է, բայց, միևնույն ժամանակ, աներևակայելի ամուր», - ասում է ցուցահանդեսի համակարգողը։ Այժմ կան ապացույցներ, որ կլինկերի տեխնիկան առաջին անգամ հայտնագործվել է հազարավոր տարիներ առաջ՝ բրոնզի դարում: Բայց հենց վիկինգների դարաշրջանում էր, որ կլինկերային նավակներն ապրեցին իրենց հաղթարշավը։

Վիկինգների դարաշրջանում՝ 793-1066թթ․, սկանդինավյան ծովագնացները Բալթիկ և Նորվեգական ծովերով ծովային արշավանքներ էին կատարում դեպի հարավ, հասնում անգամ Հյուսիսային Ամերիկա։ Նորմանների թեթև, ուժեղ և արագ նավերը անգերազանցելի էին և կարևոր միջոց դարձան՝ ծովերում Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունների գերիշխանության համար:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելը պարտավորեցնում է սկանդինավյան երկրներին՝ փորձել պահպանել այն, ինչ մնացել է անհետացող ավանդույթից: