Մշակույթ

Նյու Յորքի ֆանտաստիկ բուսաբանական այգին

250 ակր տարածքով Նյու Յորքի բուսաբանական այգին ամենամեծն է Միացյալ Նահանգներում: Այն ունի 50 մասնագիտացված պարտեզներ, որտեղ կան ավելի քան մեկ միլիոն բույսեր: Այգում կա վարդերի և տեղական բույսերի պարտեզ, որը ցույց է տալիս Հյուսիսային Ամերիկայի բույսերի բազմազանությունը, և ավելի քան 200 տարեկան ծառեր: Այստեղ կա նույնիսկ «վիկտորիանական» ոճի ջերմոց:

 

Այգին առաջարկում է մի շարք զբաղմունքներ՝ բոլոր տարիքի այցելուների համար. մանկական, արկածային պարտեզից մինչև մեծահասակների սննդի սպասարկման վայրեր: Այստեղ նաև կազմակերպվում են այգեգործության դասեր, գեղարվեստական ​​ցուցահանդեսներ, դասախոսություններ, կենդանի երաժշտության երեկոներ, նույնիսկ՝ երեկույթներ:

Երբ Կոլումբիայի համալսարանի նշանավոր բուսաբան Նաթանիել Լորդ Բրիթոնը և նրա կինը՝ Էլիզաբեթը, այցելեցին Լոնդոնի մերձակա Թագավորական բուսաբանական այգիներ, նրանք սիրահարվեցին քաղաքի կենտրոնում գտնվող բնական օազիսի գաղափարին:

Նրանք որոշեցին, որ իրենց ծննդավայր Նյու Յորք Սիթին պետք է ունենար աշխարհի լավագույն այգիներից մեկը: Նյու Յորքի բուսաբանական այգին հիմնադրվել է 1891 թվականին: Հաջորդ դարի ընթացքում պարտեզը աճեց և ընդլայնվեց՝ հավաքելով մեկ վայրում բույսերի անհավատալի տեսակներ՝ ողջ աշխարհից: 

Վիկտորիանական ոճի ջերմոցը դարձավ ոչ միայն արևադարձային տեսակների պահպանման վայրը, ինչպիսիք են կակտուսն ու արմավենիները, այլև՝ Նյու Յորքի պատմական տեսարժան վայրերից մեկը:

Բույսերի մասին տեղեկատվությունը պահելու համար ստեղծվեց հետազոտական ​​գրադարան: Այգին կառուցեց աշխարհում երկրորդ ամենամեծ հետազոտական ​​հերբարիումը (այն ունի ավելի քան 7,8 միլիոն բուսական նմուշ):

Նյու Յորքի բուսաբանական այգին հայտնի է իր կրթական ծրագրերով՝ նախատեսված բոլոր տարիքի այցելուների համար: Մի քանի ամիսը մեկ այն ցուցադրում է հատուկ ցուցանմուշ, ապա դրան նվիրված երեկոներ է կազմակերպում: Օրինակ, երբ պարտեզը ցուցադրում էր Ջորջիա Օ'Քիֆիի՝ Հավայան կղզիներում արված գեղանկարները (ջերմոցում տնկել էին այն, ինչ պատկերված էր այդ ստեղծագործություններում), անցկացնում էին նաև Հավայան գիշերներ՝ հատուկ կերակուրով, պարով և երաժշտությամբ:

Այգում պարբերաբար իրականացվում են նաև դասախոսություններ և դասընթացներ՝ երեխաների և մեծահասակների համար: Նյու Յորքի տարվա ամենամեծ տոնական իրադարձություններից մեկը «երկաթուղային ցուցահանդեսն» է:

Այգին կառուցում է մոդելային գնացքներ, որոնք անցնում են Նյու Յորքի հարյուրավոր տեսարժան վայրերով, որոնք բոլորը պատրաստված են բույսերից: Հավաքածուն դիտարժան է, և ամեն տարի տեղի բնակիչներից շատերը հավաքվում են այնտեղ՝ այն դիտելու համար: Այժմ միլիոնավոր այցելուներ ամեն տարի օգտվում են պարտեզի բոլոր ռեսուրսներից: Այն սիրված վայր է ինչպես գիտնականների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների և տեղացիների կողմից: