Մշակույթ

Ինչպե՞ս են աշխարհի տարբեր մշակույթներում պայքարում անքնության դեմ

Ինչպե՞ս են աշխարհի տարբեր մշակույթներում պայքարում անքնության դեմ

Երբևէ պատահե՞լ է, որ ուժասպառության աստիճանի հոգնած լինեք, բայց չկարողանաք քնել։ Կամ, գուցե, երբ ի վերջո կարողացել եք ինչ-որ կերպ քուն մտնել, անհանգիստ եք եղել, և քունն ընդհատվել է։ Երկու դեպքում էլ, ամենայն հավանականությամբ, գիտեք, թե ինչ ահավոր զգացողություն է, երբ գիշերվա կեսին փորձում եք որոնել հանգիստ քուն մտնելու միջոցներ: Թեև այս խնդրին դժվար է գտնել միանշանակ լուծում, ողջ աշխարհում տարբեր մշակույթներ գտել են անհրաժեշտ հանգիստն ապահովելու՝ սեփական ուղիները:

Օրինակ, Չինաստանում ոտքերի տաք լոգանք են ընդունում և քուն բերող պտուղներ ուտում: Եթե սիրում եք «սպա» պրոցեդուրաները, փորձեք ոտքերի լոգանք ընդունել: Քնից առաջ ոտքերը տաք ջրի մեջ ընկղմելու սովորությունը գալիս է չինական ավանդական բժշկությունից և հիանալի միջոց է՝ լիցքաթափվելու, հոգնած ոտնաթաթերը հանգստացնելու և գոլ ջրով թերապիայի առավելությունները վայելելու համար: Ջրին ավելացվող տարբեր հանգստացնող բաղադրիչներ կան, ինչպես, օրինակ, մագնեզիումի սուլֆատը, մաշկի համար անվնաս եթերային յուղերը՝ նարդոսի ու վարդենու, մրգի կեղևները, տարբեր բույսեր: Ըստ չինական ավանդական բժշկության՝ նման լոգանք ընդունելը թույլ է տալիս նվազեցնել մտքի կենսական ուժը կամ «ցի»-ն: Ինչպես նշում են չինական ավանդական բժշկության գիտակները, տաք ջերմաստիճանը օգնում է ազատվել ավելորդ մտքերից: Չինաստանում օգտագործվում է նաև սովորական ունաբ կոչվող բույսը՝ միտքն ու հույզերը հանգստացնելու և խորը քուն մտնելու համար: 

Խորը քունը մարդու ընդհանուր քնին հատկացվող ժամանակի կարևոր մասն է և վերականգնողական նշանակություն ունի օրգանիզմի համար: Այն կապված է մարդու հիշողության և սովորելու ունակությունների հետ, ու նման քնի պակասը կարող է պատճառ դառնալ ցերեկվա ընթացքում աշխատունակության անկման և դյուրագրգռության, ինչպես նաև՝ նվաղուն զգալու համար: 

Իսկ, օրինակ, Ճապոնիայում գոյություն ունի շիկիբուտոնի ավանդույթը: Շիկիբուտոնը հատակին դրվող ներքնակ է: Այն ոչ միայն խնայում է տարածքը, այլև ունի քնին և առողջությանը վերաբերող որոշակի առավելություններ: Կորեական յո տեսակի ներքնակի պես կարող եք այն ծալել և պահել, երբ չեք օգտագործում: Սովորաբար, շիկիբուտոնը պատրաստված է լինում էկոլոգիապես մաքուր նյութերից, ինչպիսիք բամբակն ու բուրդն են: Շատերը համոզված են, որ այս ներքնակները օգնում են կանխել կամ վերացնել մեջքի ցավերը և օգտակար են ողնաշարի համար: Կուզե՞ք ձեռք բերել շիկիբուտոն ներքնակը և ստուգել՝ որքանով է այն իսկապես նպաստում քնի լավացմանը: 

Եթե սիրում եք դրսում կախված ցանցաճոճի (գամակի) մեջ օրորվել, ապա փորձեք այն կախել նաև ննջասենյակում: Այսպես, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում ցանցաճոճերը համարվում են քնի ամենահարմար տարբերակը: Ցանցաճոճը ապահովում է քնի որակի համար երկու կարևոր պայման՝ ապահովության և հարմարվետության զգացողությունները: 2011-ին անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչպես են ցանցաճոճերը նպաստում ավելի խորը քուն մտնելուն: Հետազոտությանը մասնակցած 12 տղամարդ ունեցել է երկու 45 րոպեանոց ցերեկային քնի ժամանակ՝ տարբեր օրերի. մեկը՝ մահճակալի վրա պառկած, մյուսը՝ ճոճվող մահճակալին: Օգտագործելով պոլիսոմնոգրաֆիայի և էլեկտրաուղեղագրության տվյալները՝ հետազոտողները հայտնաբերել են, որ ճոճվող մահճակալի վրա կրճատվել է քուն մտնելու համար անհրաժեշտ ժամանակը և երկարել երկրորդ փուլի քնի տևողությունը, որը նախորդում է խորը քուն մտնելուն: 

Շվեդիայում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար ավելի լավ քնելու դասական հնարք է վաալինգ կոչվող ըմպելիքը, անմիջապես քնելուց առաջ, խմելը, որը կաթ և վարսակի փաթիլներ պարունակող տաք ապուրանման ըմպելիք է: Սննդարար նյութերով հարուստ և հագեցնող այս կաթնահացահատիկային խմիչքը հաճախ տալիս են մանուկներին:

Տաք կաթը քնկոտություն առաջացնելու տարածված միջոց է: Այն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են մագնեզիումը, տրիպտոֆանը, մելատոնինը, սերոտոնինը, որոնք հայտնի են առողջ քնի ցիկլերի առաջացմամբ: 

Շվեդիայում անքնությունը հաղթահարելու մեկ այլ տարածված միջոց է հյուսիսային եղջերուի միսը։ Ըստ ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի՝ 100 գրամ հյուսիսային եղջերուի միսը պարունակում է 30,2 գրամ սպիտակուց և 0,5 գրամ տրիպտոֆան՝ կարևոր ամինաթթու: Իսկ տրիպտոֆանի սննդային հավելումը, հատկապես՝ մեկ գրամից ավելի քանակով, կարող է լավացնել քունը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական