«Առաջին տիկինը» (The First Lady)
Այս դրաման Ամերիկայի ամենահայտնի «առաջին տիկին» եղած կանանցից երեքի կյանքի մասին է, որոնց մարմնավորում են Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիները: Վիոլա Դեյվիսը մարմնավորում է Միշել Օբամային, Միշել Պֆայֆերը՝ Բեթի Ֆորդին, իսկ Ջիլիան Անդերսոնը՝ Էլեանոր Ռուզվելտին: Սպիտակ տանը ծավալվող իրադարձությունների կենտրոնում հայտնված այս երեք կանանց մասին դրաման բաղկացած է 10 սերիայից: Չնայած՝ այս բազմասերիանոց դրամայի դեպքերը տեղի են ունենում տարբեր ժամանակաշրջաններում՝ ռեժիսորին հաջողվել է միահյուսել այս երեք պատմությունները: Այս բազմասերիանոց ֆիլմում որպես երկրորդ պլանի դերասաններ հանդես եկող Կիֆեր Սուտերլանդը, Ահարոն Էքհարթը, Դակոտա Ֆանինգը և Օ-Թ Ֆագբենլը և «The Undoing»-ի ռեժիսոր Սյուզաննա Բիերը՝ տեսախցիկի մյուս կողմում, խոստանում են հանդիսատեսին ներկայացնել բարձրաճաշակ դրամա՝ համադրված պատմական իրադարձությունների խորաթափանց մեկնաբանությանը:
Բազմասերիանոց ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ
«Առաջին տիկինը» սերիալի պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա ապրիլի 17-ին՝ Showtime ալիքով:
«Սկանդալի անատոմիան» (Anatomy of a Scandal)
Սիենա Միլերի և Ռուպերտ Ֆրենդի կյանքին վերաբերող սկանդալին է նվիրված «Մեծ, փոքր ստեր»-ի («Big Little Lies») հեռուստասերիալի ստեղծող Դեյվիդ Քելիի նոր աշխատանքը: Սառա Վոանի՝ ամենաշատը վաճառված վեպի վրա հիմնված այս հոգեբանական թրիլերի դեպքերը զարգանում են դատարանի դահլիճում՝ կենտրոնանալով բրիտանացի քաղաքական գործչի (Ռուպերտ Ֆրենդ) և նրա փաստաբանի (Սիենա Միլերի) պատմության վրա, երբ, Ֆրենդին բռնաբարության մեղադրանք առաջադրվելուց հետո, նրանց խաղաղ և արտոնություններով լի կյանքը սկսում է քայքայվել։
Հեռուստասերիալի թրեյլերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Սկանդալի անատոմիան» սերիալը կթողարկվի ապրիլի 15-ին՝ «Netflix»-ով:
«Կյանքից կյանք» (Life After Life)
Քեյթ Ատկինսոնի հայտնի վեպի այս ադապտացիան, որը շահեց 2013թ. Կոստայի գրքի մրցանակը, մի կարևոր հարց է բարձրացնում. հնարավո՞ր է արդյոք երբևէ կատարյալ կյանք ապրել: Թոմասին Մաքենզին («Jojo Rabbit», «Last Night in Soho») հանդես է գալիս Ուրսուլա Թոդի դերում, ով ծնվել է 1910 թվականին, սակայն մահանում է՝ նախքան իր առաջին շունչը քաշելը: Այնուհետև նա ողջ 20-րդ դարասկզբի ընթացքում վերածնվում է բազմաթիվ անգամներ, ապրում և մահանում բոլորովին տարբեր հանգամանքներում՝ միաժամանակ իր մեջ կրելով այն զգացումը, որ կա մի բան, որ պետք է անի: «The Guardian» պարբերականը վեպը «հրաշք» էր անվանել, այնպես որ, հույս ունենք, այս էկրանավորումը արժանին կմատուցի գրքին:
«Կյանքից կյանք» սերիալը հասանելի կլինի Բրիտանիայում ապրիլին՝ BBC Two և BBC iPlayer հարթակներում:
«Մարդ, որ ընկավ Երկիր» (The Man Who Fell to Earth)
Չնայած նույնանուն լինելուն՝ սա 1970-ականների դասական գիտաֆանտաստիկ ֆիլմի ռիմեյքը չէ, որում Դեյվիդ Բոուին խաղում է այլմոլորակային Թոմաս Ջերոմ Նյուտոնին, այլ, ավելի շուտ, դրա սիքուելն է: Այն կենտրոնանում է մեկ այլ այլմոլորակային էակի վրա, որին մարմնավորում է «Bafta» և «Olivier» մրցանակների դափնեկիր Չիվետել Էջիոֆորը:
Դիտեք այս հեռուստասերիալի թրեյլերը այստեղ։
«Մարդ, որ ընկավ Երկիր» հեռուստասերիալը կթողարկվի ԱՄՆ-ում ապրիլի 24-ին՝ Showtime ալիքով: