Մշակույթ

Աղջոց վանք. հայ միջնադարյան ճարտարապետական գոհարը

Այսօր կծանոթանանք Հայաստանի ամենագեղատեսիլ և հետաքրքիր միջնադարյան վանական համալիրներից մեկին՝ Աղջոց վանքին (Աղջոց Սբ Ստեփանոս վանք): Այն գտնվում է ՀՀ Արարատի մարզում՝ Գեղարդից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին: Վանական համալիրը տեղակայված է Խոսրովի արգելոցի տարածքում: Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դ. սկզբին, որպես կուսանաց վանք՝ Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում: Ներկայիս վանքը կառուցվել է 13-րդ դ.: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն: Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Սբ Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Սբ Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից: Գլխավոր՝ Սբ Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր Աբել վարդապետը՝ 1212–17թթ., իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ: 

Սբ Ստեփանոս եկեղեցին վանքի գլխավոր եկեղեցին է և կառուցվել է 1212-1217թթ.: Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ: Գլխավոր եկեղեցուն կից՝ արևմտյան կողմից, գտնվում է գավիթը: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը կատարված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:

Այս եկեղեցական համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270թ. գրված շինարարական արձանագրությունը: Այս եկեղեցին առանձնանում է իր պարզ հատակագծով, որն ունի կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց:

Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված՝ Սբ Պողոս և Սբ Պետրոս առաքյալների մարդաբոյ բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են: Մուտքից աջ երկարամորուս Պետրոսն է՝ աջ ձեռքը բարձրացրած, ձախում՝ բանալիներ, իսկ ձախ կողմում՝ Պողոսը՝ նույնպես երկարամորուս, առանց ավանդական ճաղատի (Պողոսի՝ նման պատկերագրությունը հանդիպում է նաև հայկական մանրանկարչության մեջ): 

Առաքյալների այս բարձաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից և նոր մոտեցման՝ պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են:

Աղջոց վանքում կան նաև Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ: Սբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան մուտքի ճակատակալ քարին պատկերված է մի դրվագ Ահեղ Դատաստանից. վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, ներքևում՝ երկու շարքով, ընտրյալները: Հարավային պատին քանդակված է կանգնած Դանիելը՝ առյուծների գուբում, ներքևում՝ պատուհանի երկու կողմերում, զույգ աղավնիներ են, խորանի ճակատի պատին՝ դեմ հանդիման, պատկերված են երկու մարդկային գլուխներ՝ աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով: 

13-րդ դ. Աղջոց վանքը որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամական միջոցներ: Վանքում 15-րդ դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք): Աղջոց վանքում են պահվել Սբ Ստեփանոս քահանայի և Արիստակես Ա Պարթևի աջերը: 17-րդ դարասկզբին՝ շահ Աբբասի արշավանքի ժամանակ, Աղջոց վանքը կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի աջը հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ այն հետ է գնել բաղիշեցի մի հայ վաճառական և վերադարձրել Աղջոց վանքին (այժմ գտնվում է Սբ Էջմիածնում): 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից, ի թիվս շատ վանքերի, ավերվել է նաև Աղջոց վանքը, բայց նորոգվել է ու գործել մինչև 18-րդ դարակեսը՝ մինչև լեզգիների վերջին ասպատակությունը, որից հետո լքվել է ու ամայացել:

Վանական համալիրի շրջակայքում կա նաև խաչքարներով հարուստ ընդարձակ գերեզմանոց:

Գայանե Բաբայան