Մշակույթ

Մարի Կյուրի. կին, որ կոտրեց բոլոր կարծրատիպերը և հեղաշրջեց աշխարհն՝ իր հայտնագործություններով

Մարիա Սկլոդովսկա-Կյուրին ծնվել է 1867թ․՝  Վարշավայում։ Լեհական թագավորությունն այն ժամանակ Ռուսական կայսրության մի մասն էր։ 

Նա ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, ինչպես նաև՝ Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիրը, ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի կինը։ Ամուսնու հետ ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում (լատ.՝ radium - ճառագայթող) և պոլոնիում (լատ.՝ polonium [Polonia - «Լեհաստան»]) քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդ, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։ Առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ, և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներում։

Նախնական կրթությունը ստացել է Վարշավայի «Թռիչք» համալսարանում (գաղտնի ուսումնական հաստատություն, որը պահպանում էր լեհական ավանդույթները), ապա սկսել է զբաղվել բնագիտության գործնական ուսումնասիրմամբ։ 1891թ․՝ 24 տարեկանում, նա հետևում է ավագ քրոջը՝ Բրոնիսլավային, և մեկնում Փարիզ՝ ուսումը շարունակելու։ Այնտեղ նա բարձրագույն կրթություն է ստանում և շարունակում իր հետագա գիտական ուսումնասիրությունները։ 1894 թվականին Մարիան հանդիպում է Պիեռ Կյուրիին, իսկ 1895-ին նրանք ամուսնանում են։ Միասին սկսում են ուսումնասիրել ուրանի աղերի արձակած անսովոր ճառագայթները։ 1903 թվականին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և ֆիզիկոս Անրի Բեքերելի հետ ֆիզիկայի բնագավառում ստանում է Նոբելյան մրցանակ, 1911 թվականին Նոբելյան մրցանակ է ստանում նաև քիմիայի բնագավառում։

Նրա ձեռքբերումները ներառում են ռադիոակտիվության տեսության զարգացումը (տեսություն, որի անունն ինքն էր հորինել), ռադիոակտիվ իզոտոպերի մեկուսացման տեխնիկան և երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի, հայտնագործումը։ Նրա ղեկավարությամբ աշխարհում առաջին անգամ սկսվեցին ուսումնասիրություններ կատարվել նորագոյացությունները ռադիոակտիվ իզոտոպերով բուժելու ուղղությամբ։ Նա հիմնադրել է Փարիզի և Վարշավայի՝ Կյուրիի անվան ինստիտուտները, որոնք մինչ օրս հանդիսանում են բժշկական հետազոտությունների գլխավոր կենտրոններ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մշակեց ռենտգենյան ճառագայթներով զինված շարժական ռադիոգրության միավորներ՝ դաշտային հիվանդանոցների համար։

Լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ Մարիա Սկլոդովսկա-Կյուրին, որն օգտագործում էր երկու ազգանուններն էլ, երբեք չի մոռացել իր ազգային ինքնության մասին։ Նա իր դուստրերին լեհերեն էր սովորեցնում և նրանց հետ այցելում էր Լեհաստան։ 1898 թվականին նրա հայտնաբերած պոլոնիում քիմիական տարրը այդպես է կոչվել՝ ի պատիվ նրա հայրենի Լեհաստանի։ 

Մարի Կյուրին մահացել է 1934 թվականին՝ Ֆրանսիայում, Վերին Սավոյի առողջարաններից մեկում, ապլաստիկ անեմիայից։ Նրա մահվան պատճառը երկար տարիներ ռադիացիայից չպաշտպանված կենսակերպ վարելն էր և առաջին համաշխարհայինի տարիներին դաշտային հիվանդանոցներում ռադիոգրության սարքերով աշխատելը։ Աշխատելով ռադիոակտիվ նյութերի հետ՝ Մարի Կյուրին զգուշություն չէր ցուցաբերում և, նույնիսկ որպես կախազարդ, օգտագործում էր ռադիումով անոթ։ 

Մարի և Պիեռ Կյուրիների գործը շարունակել են նրանց դուստր Իրեն Կյուրին և վերջինիս ամուսինը՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։ Որպես ամենանշանավոր կին գիտնականներից մեկը, Մարի Կյուրի անունը խորհրդանիշ է դարձել գիտական աշխարհում և հարգանքի բազմաթիվ դրսևորումների է արժանացել անգամ պոպ-մշակույթում:

1995 թվականին Կյուրին դարձավ առաջին կինը, որի աճյունն ամփոփվեց Փարիզի պանթեոնում՝ իր գիտական նվաճումների և ձեռքբերումների և ոչ ժառանգական տիտղոսների համար: Ռադիոակտիվության աստիճանի չափման միավորը՝ կյուրին (Ci), այդպես է կոչվել նրա և Պիեռի պատվին (թեև միավորի անունը որոշող կոմիտեն այդպես էլ որոշակիորեն չսահմանեց, թե դա Մարիի՞, Պիեռի՞, թե՞ նրանց երկուսի պատվին է)։ Պարբերական աղյուսակի 96 ատոմային թվով տարրը կոչվեց կյուրիում։ Երեք ռադիոակտիվ միներալներ կոչվել են նրա անունով՝ կյուրիտ, սկլոդովսկիտ և կուպրոսկլոդովսկիտ։ Աշխարհի տարբեր համալսարաններից Կյուրին ստացել է գիտության պատվավոր աստիճաններ։ Եվրամիության սահմանած «Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի գործունեություն» կրթաթոշակը նախատեսված է այն երիտասարդ գիտնականների համար, որոնք ցանկանում են աշխատել արտասահմանում։ Մարի Կյուրիի անունով են կոչվում տարբեր վայրեր՝ աշխարհի տարբեր կողմերում։

Կյուրիին են նվիրված երկու թանգարաններ՝ Վարշավայի Ուլիցա Ֆրետա փողոցում 1967-ին բացված տուն-թանգարանը և Փարիզի Կյուրիի լաբորատորիան, որը վերածվել է թանգարանի և հասարակության առաջ բաց է 1992 թվականից։ 

Կյուրին Լոուրենս Արոնովիչի «Սխալ ենթադրություններ» պիեսի թեման է, որտեղ երեք կին գիտնականների ուրվականներ հետևում են նրա կյանքի իրադարձություններին։ Կյուրիի նկարը հաճախ պատկերվել է նաև աշխարհի շատ երկրների հուշադրամների, թղթադրամների և դրոշմանիշերի վրա։ Նրա երկրորդ Նոբելյան մրցանակի հարյուրամյակի առթիվ՝ 2011 թվականին, Վարշավայի Կյուրիի տուն-թանգարանի ճակատամասին տեղադրվեց խորհրդանշական որմնանկար։ Այնտեղ պատկերված է փոքրիկ Մարիան՝ ձեռքին բռնած փորձանմուշներով սրվակներ, որոնցից դուրս են բխում այն քիմիական տարրերը, որոնք նա պիտի հայտնագործեր չափահաս դառնալով՝ պոլոնիումը և ռադիումը։ 2011 թվականին Վիսլա գետի կամուրջներից մեկը Վարշավայում կոչվեց նրա անունով։

Մարի Կյուրիին նվիրվել են մի շարք գրքեր, այդ թվում՝ «Մադամ Կյուրին» (էվա Կյուրի, 1938), «Մարի Կյուրի. մի կյանք» (Ֆրանսուազ Ժիրու, 1987), «Սևեռուն հանճարը. Մարի Կյուրիի ներաշխարհը» (Բարբարա Գոլդսմիթ, 2005), «Ռադիոակտիվ. Մարի և Պիեռ Կյուրի՝ պատմություն սիրո և մարող ճառագայթների» (Լորեն Ռեդնիս 2011): 

Նրա մասին նկարահանվել է մի քանի կինոնկար՝ «Մադամ Կյուրի», (Օսկարի առաջադրված ֆիլմ, Մարի Կյուրիի դերում՝ Գրիր Գարսոն, 1943), «Շուցի արմավենիները» (Մարի Կյուրիի դերում՝ Իզաբել Հյուպպեր, 1997), «Ռադիոակտիվ» (Մարի Կյուրիի դերում՝ Ռոզամունդ Փայկ, 2019): 

Այս հանճարեղ գիտնականի կյանքին և գիտական նվաճումներին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք դիտել վերջերս նկարահանված «Ռադիոակտիվ» կինոնկարը: