Մշակույթ

Կիրանց վանք. Տավուշի անտառներում թաքնված հրաշքը

Կիրանց վանք. Տավուշի անտառներում թաքնված հրաշքը

Տավուշի Կիրանց (նախկին Գետաշեն) գյուղից մոտ 12 կմ արևմուտք, համանուն վտակի ձախ ափին գտնվող Կիրանց վանքը Հայաստանի ամենատպավորիչ և գողտրիկ վանական համալիրներից է: Այն բաղկացած է երեք եկեղեցուց, գավիթ-սրահներից, սեղանատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Վանքը պարսպապատ է: Համարյա բոլոր վանքապատկան կառույցներն աղյուսաշեն են (քարից են որմնախարիսխներ, ծածկասալեր, առանձին դետալներ), և, այդ տեսանկյունից, Կիրանցը հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Ելնելով վանքի ծավալատարածական ձևերի և գեղարվեստական հարդարանքի առանձնահատկություններից՝ այն վերագրվում է 13-րդ դարին:

Վանքի անվան ծագման մասին կա պահպանված մի ավանդություն, որի համաձայն՝ քարագործ վարպետն ունենում է մի ընդունակ աշակերտ։ Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը։ Վերջացնելուց հետո կանչում է վարպետին՝ իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին։ Նա ամեն կերպ աշխատում է թերություն գտնել, բայց չի կարողանում։ Երկար մտածելուց հետո ասում է՝ «Կիրը անց է կացել»։ Այստեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց վանք: Վանքի տարածքում հավանաբար նախկինում եղել է Կունեն կոչվող բնակավայր, որտեղ ապրել են ուղղափառ հայեր (քաղկեդոնականներ):

Վանքի գլխավոր եկեղեցին հատակագծում քառանկյուն է, իսկ հորինվածքով՝ գմբեթավոր: Այն ունի մեկ զույգ մույթեր, կիսաշրջանաձև արևելյան խորան և զույգ երկհարկ ավանդատներ: Ութանիստ բարձր թմբուկի նիստերը ծածկված են աստղի և շեղանկյուն ձևերի ջնարակված սալիկներով: Սրածայր վեղարով պսակված գմբեթը կրում է սլաքաձև կամարներով միացված մույթեր և ութ որմնամույթեր: Եկեղեցու պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, հարդարված են վրացատառ և հունատառ մակագրություններ ունեցող որմնանկարներով, ինչը վկայում է վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին: 

Կամարակապ լայն բացվածքով գավիթ-սրահները տեղադրված են արևմտյան և հարավային բուսական և երկրաչափական զարդաքանդակներով հարդարված մուտքերի առջև: Գլխավոր եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերին կից գտնվում են ավելի փոքր չափերի, միանավ դահլիճի տիպի մյուս երկու եկեղեցիները:

Սեղանատունը գտնվում է հուշարձանախմբից արևմուտք: Կառուցված է կիսամշակ բազալտից, հորինվածքով թաղածածկ, երեք թաղակիր կամարներով դահլիճի տիպի է, որի ներսի որմերը, գլխավոր եկեղեցու նման, սվաղված են կրաշաղախով և ծածկված որմնանկարներով:

Սեղանատան արևմտյան կողմում գտնվում են վանքապատկան մի քանի թաղակապ սենյակներ: Պահպանվել են նաև միաբանության խցերի մնացորդներ, գերեզմանատունը, կամարակապ մեծ դարպասով վանքի պարիսպը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական