Համաշխարհային երաժշտական ինդուստրիայում այս տարի կարելի է առանձնացնել մի քանի թրենդ, որոնց շուրջ կծավալվեն տարվա երաժշտական հիմնական իրադարձություններն ու նորությունները: Հետքովիդային շրջանում հանդիսատեսի մոտ կրկին հետաքրքրություն է առաջացել կենդանի համերգների նկատմամբ: Համավարակի ընթացքում մտցված սահմանափակումներն ու լոքդաունները գրեթե ամբողջությամբ կաթվածահար արեցին համերգային մշակույթն՝ աշխարհի բոլոր մասերում: Այժմ երաժշտասերները ցանկանում են կրկին ապրել այն զգացողություններն ու հույզերը, որ նրանք ստանում էին կենդանի համերգների ժամանակ՝ հանդիսատեսի և երաժշտական խմբերի հետ շփումից: Սակայն նման համերգների կազմակերպումը կախված կլինի նրանից՝ արդյո՞ք 2022թ.-ին նույնպես կլինեն քովիդի հետ կապված սահմանափակումներ, թե՞ ոչ:
Վերջին երկու տարիների ընթացքում TikTok-ը իսկական սենսացիա դարձավ ողջ աշխարհում: Հավելվածի միջոցով երաժշտություն ունկնդրելը կարելի է համարել այս տարվա միտումներից ևս մեկը: 2021թ.-ի սեպտեմբերի տվյալներով համարյա մեկ միլիարդ օգտատեր ունեցող այս հավելվածի ներուժը դեռևս ամբողջովին բացահայտված չէ: Այնպես որ, երաժիշտները կարող են դրա միջոցով մեծ լսարան ներգրավել ու արագ ճանաչում ձեռք բերել՝ ընդամենը պետք է ձայնագրել կատարումները և զբաղվել դրանց առաջխաղացմամբ:
Երաժշտական մեկ այլ թրենդ է «սինք դիլ» («համաժամանակյա գործարք») գործարքները, երբ YouTube-ի, Spotify-ի և Netflix-ի նման հարթակները կատարում են համաժամանակյա արտոնագրման գործարքներ: Սինք դիլը այն գործընթացն է, որի ժամանակ երաժշտությունը համադրվում է շարժվող պատկերների հետ՝ կինո, հեռուստատեսային սերիալներ, գովազդներ, վիդեոխաղեր, թրեյլերներ և այլն: Սինք գործարքները սովորաբար իրականացվում են երաժշտություն թողարկողների և հաճախորդների միջև: Վերջիններիս դերում կարող են հանդես գալ, օրինակ, ֆիլմերի պրոդյուսերները:
TikTok-ի նման հարթակները սկսել են իրենց ստեղծարար օգտատերերին առաջարկել նրանց բովանդակության դրամայնացման (մոնետիզացիայի) տարբերակներ: Իսկ տեսանյութեր ստեղծող օգտատերերը կարող են իրենց լսարաններից վիրտուալ նվերներ ստանալ: Սա շատ հարմար ֆունկցիա է նաև երաժիշտների համար, որոնք կարող են գումար վաստակել՝ կենդանի համերգների տեսագրությամբ:
Համավարակի ժամանակ երաժիշտները հասարակության այն ամենախոցելի խմբերից էին, որոնք բախվեցին բազում ֆինանսական խնդիրների, երբ ամիսներ շարունակ զրկված էին համերգներ տալու հնարավորությունից: Սակայն Zoom, Skype և YouTube հարթակների միջոցով նրանք այժմ կարող են գումար վաստակել՝ ուսուցանելով: Երաժշտության դասավանդումը գնալով ավելի թրենդային է դառում, քանի որ համավարակի պատճառով տանը մնացած մարդիկ, փորձելով իրենց ինչ-որ բանով զբաղեցնել, հաճախ որոշում են մի նոր երաժշտական գործիքի վրա նվագել սովորել: Հետևաբար, մեծ հավանականությամբ, երաժշտության դասավանդման ոլորտում առաջ եկած մեծ պահանջարկը կպահպանվի: