Խորանաշատը Տավուշի Չինարի գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք ընկած, անտառապատ սարի արևմտահայաց լանջին գտնվող վանական համալիր է: Այն հիմնել է վանական Վարդապետը (1181-1251թթ․)՝ 13-րդ դարի սկզբներին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։
Վանքի անվան հետ կապված տարբեր աղբյուրներում կան տարբեր վարկածներ: Որոշներն այն կապում են վանքի գլխավոր եկեղեցու ավագ խորանի բազմախորշ կիսաբոլորակ պատի հետ։ Որոշներն էլ՝ վանքի մերձակայքում եղած բազում եկեղեցիների: Խորանաշատի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի, Սուրբ Ճգնավոր եկեղեցիներից, գավթից և օժանդակ շինություններից:
Ուշագրավ է նաև վանական համալիրի շինությունների արտաքին և ներքին քանդակային հարդարանքը: Այսպես, Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատին քանդակված թևատարած արծիվը աչքի է ընկնում պատկերման հստակությամբ և զուրկ է քանդակային մանրամասնություններից։ Արծվի ճանկերում գիշատիչ կենդանի է՝ գայլ կամ հովազ։
Գիշատիչը քանդակված է բաց երախով և ճկուն ու ջլապինդ մանրամասներով։ Առջևի ոտքերը ծնկահոդից ծալված են դեպի վեր: Իսկ գավթի մուտքի բարավորից վերև՝ ագուցված պատվանդանին, երկու առյուծի և մարդու պատկերաքանդակ է։
Առյուծները ծավալաքանդակ են՝ նստած վիճակում։ Մարդը, որը պատկերված է նրանց արանքում, ներկայացված է հարթաքանդակային ձևով։ Նա ամբողջ հասակով է, հագին՝ շքեղ պարեգոտ, իսկ ձեռքերով բռնել է կենդանիների պարանոցներից կապված պարաններից։ Բոլորի հայացքներն ուղղված են դեպի արևելք։ Այն Հին Կտակարանի «Դանիելը՝ առյուծների գրկում» հատվածի արտացոլումն է:
Խորանաշատը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկը։ Հիմնել է վանական Վարդապետը՝ 1220-ական թթ․ սկզբին և ինքն էլ վարել է վարդապետարանի ուսուցչապետությունը՝ մինչև իր մահը (1251թ)։
Խորանաշատը եղել է նաև գրչության կենտրոն։ Մեզ են հասել այնտեղ գրված ձեռագրեր (մեծ մասը՝ 13-րդ դարից)։ Վանական Վարդապետը արժեքավոր գործեր է թողել, որոնցից են «Հարցմունք և պատասխանք», «Բարոյախոս» և «Մատյան ողբերգության» ձեռագրերը (1283թ.)։ Այժմ 13-րդ դարի այս հրաշագեղ վանական համալիրը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին, և մոտենալ վանքին հնարավոր է միայն հայկական կողմի ուղեկցությամբ: