Աշխարհում առաջին լուսնագնացը ստեղծել է հայ գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանը։ Նրա գյուտը Լուսին է հասել 1970թ. ու կարևոր տեղեկություններ հաղորդել լուսնի մակերևույթի բաղադրության մասին։ Մեր հայրենակիցը եղել է «Լուսնագնաց-1» լաբորատոր-կայանի գլխավոր կոնստրուկտորը: «Լուսնագնաց-1»-ն աշխարհում առաջին տիեզերական հեռակառավարվող ինքնագնաց սարքն էր, որը նախատեսված էր տիեզերական մարմնի մակերևույթին աշխատելու համար։ Աշխարհում առաջին լուսնագնացը լուսնի վրա անց է կացրել 10,5 լուսնային օր (1970-ի նոյեմբերի 17-ից 1971-ի սեպտեմբերի 14-ը):
Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է Վլադիկավկազում, 1940-ին ընդունվել է Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական ինստիտուտ, սակայն, Հայրենական պատերազմի պատճառով, ժամանակավորապես ընդհատել է ուսումն ու, թեև օրենքով ազատված էր բանակից, 1942թ. մեկնել է ռազմաճակատ:
Պատերազմի ընթացքում հասցրել էր ավարտել Լենինգրադի Հրետանային ուսումնարանը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ էլ տարիներ անց ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովին է ներկայացնում լուսնագնացի իր նախագիծն ու նրա աջակցությամբ կյանքի կոչում այն։
1986 թ. Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետևանքները վերացնելու համար Քեմուրջյանի նախաձեռնությամբ ստեղծվում է ռոբոտատեխնիկական մի համալիր սարքավորում, որի օգնությամբ, առանց մարդկային կյանքեր վտանգելու, մաքրվում են փլուզված կայանի մնացորդները:
2010 թ. Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան Քեմուրջյանի անունով հուշամեդալ է թողարկում, որով պարգևատրվում են տիեզերագնացության մեջ զգալի ավանդ ունեցողներն ու տիեզերագիտության հետ կապված գյուտերի հեղինակները: