«Հոլի»-ն, որը հայտնի է նաև Պխագվախ անվանումով, ձմռանը հրաժեշտ տալուն և գարնան գալուստը դիմավորելուն նվիրված հնդկական գարնանային փառատոն է: Այն սովորաբար տևում է գրեթե երկու օր՝ փետրվարի վերջի ու մարտի սկզբի նորալուսնի ժամանակ։ Հնդկաստանի գրեթե բոլոր տոները կապված են լուսնային փուլերի հետ։ Այս տարի այն կնշվի մարտի 17-ին և 18-ին:
Տոնի ծագման մասին կան մի քանի վարկածներ, որոնք կապ ունեն Հնդկաստանի տարբեր շրջանների հետ: Դրանցից մեկի համաձայն՝ այն փառաբանում է հինդուիստական դիցաբանության աստված Կրիշնային և ներկայացնում Հոլիկայի ու Պրահլադի առասպելը: Համաձայն հինդուիստական դիցաբանության՝ Սատյուգ ժամանակաշրջանում ապրել է չար արքա՝ Հիրանյակաշիպուն: Շիվայի օրհնությամբ Հիրանյակաշիպուն դառնում է գրեթե անպարտելի, քանի որ ցանկանում էր, որ բոլորը իր թագավորությունում իրեն երկրպագեն: Չար արքան, ով իրեն աստծո պես էր պահում, սկսում է սպանել բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվում իրեն:
Սակայն իր որդին՝ Պրահլադը, Վիշնու աստվածության երկրպագողն էր: Արքան չէր կարող հանդուրժել, որ իր տղան չենթարկվի իրեն, և նենգ ծրագիր է մշակում՝ նրան սպանելու համար: Արքան դիմում է քրոջ՝ Հոլիկայի օգնությանը, որն ուներ կրակից պաշտպանող կախարդական վերարկու: Նա խնդրում է քրոջը՝ նստել կրակի մոտ, Պրահլադի հետ, տղային թակարդը գցելու համար: Բայց մինչ կրակը սկսեց բոցկլտալ, Հոլիկայի վերարկուն թռչում և ծածկում է Պրահլադին: Հոլիկան ողջակիզվում է, իսկ Պրահլադն՝ անվնաս փրկվում:
Այս պատմությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ: Ըստ ավանդույթի, «Հոլիկա Դահան»-ը նշվում է «Հոլի» փառատոնի առաջին գիշերը: Մարդիկ կրակ են վառում՝ նետելով դրա մեջ հացահատիկ, հնդընկույզներ, փայտ: Այս արարողությունը ներկայացնում է Հոլիկայի խորհրդանշական մահը, այդպիսով՝ բարու հաղթանակը չարի դեմ:
Հաջորդը օրը տարբեր տարիքի մարդիկ իրար ջրում են գունաներկված ջրով ու ցանում բուժիչ խոտերի ծաղկաթերթեր՝ տոնը վերածվելով պայծառ գույների շքերթի։ Այս տոնակատարությունը կոչվում է «Ռանգ Պանչամի» և, ըստ ավանդության, սկիզբ է առել Կրիշնայի չարաճճի վարքի արդյունքում: