Մշակույթ

Ռենե Մագրիտի նկարը՝ Եվրոպայում վաճառված ամենաթանկ կտավ

Բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի (1898-1967) «Լույսերի կայսրություն» (L'empire des lumières, 1961) աշխատանքը աճուրդում վաճառվել է 54,9 մլն ֆունտով (79,8 մլն դոլլար)։ Այդ մասին հայտնել է Sotheby's աշխարհահռչակ աճուրդային տունը: 

Ռենե Մագրիտ՝ «Մարդու որդին» (1964): Այն նկարչի ամենահայտնի աշխատանքն է։ 

Ըստ աճուրդային տան՝ 1961թ․ ստեղծված բնապատկերը դարձել է Եվրոպայում երբևէ վաճառված ամենաթանկ կտավը: Կտավի համար պայքարել են երեք հավաքորդ (կոլեկցիոներ): «Լույսերի կայսրություն» կտավը վաճառվել է երեք անգամ ավելի թանկ, քան վարպետի մեկ այլ ստեղծագործություն, որը 2018-ին էր վաճառվել աճուրդում: Այդ ժամանակ «Հաճույքի սկզբունքը» նկարը (Le Principe du plaisir, 1937) աճուրդում գնահատվեց 26,8 մլն դոլլար: 

«Լույսերի կայսրություն» նկարը պատկերում է մի վիլլա՝ պարուրված աղջամուղջով, որտեղ արդեն վառել են լույսը, իսկ շինության առջև՝ փողոցային լապտերը: Այս տեսարանին հակադիր ներկայացված է ճերմակ ամպերով լուսավոր երկինքը: 

Այս կտավը բարոնուհի Ան-Մարի Կրովեի համար ստեղծված «Լույսերի կայսրություն» շարքի մի քանի տարբերակներից մեկն է: Բարոնուհին սյուրռեալիստական ստեղծագործությունների բելգիացի հավաքորդ Պիեր Կրովեի դուստրն էր: 

Մինչ վաճառքն՝ այն գտնվում էր այս ընտանիքի մասնվոր հավաքածուում, թեև երբեմն ցուցադրվում էր թանգարաններում: