Մշակույթ

Հնագույն պահեստներ և վարչական շենքեր՝ եգիպտական Կոմ Օմբոյում

Եգիպտա-ավստրիական հնագիտական արշավախմբի հնագետները Կոմ Օմբոյում հայտնաբերել են կոնաձև պահեստներ և վարչական շենքեր։ Կոմ Օմբոն գտնվում է Նեղոս գետի արևելյան ափին՝ Վերին Եգիպտոսի Ասուանի նահանգում։ Հնագույն քաղաքը նախկինում կոչվում էր Նուբթ, ինչը նշանակում է «Ոսկու քաղաք»։ Քաղաքը հայտնի է նշանավոր Կոմ Օմբոյի տաճարով՝ նվիրված «կոկորդիլոս-աստծուն»։ Ավստրիայի Հնագիտական ​​ինստիտուտը, Զբոսաշրջության և հնությունների նախարարության հետ համատեղ, 2017թ. սկսել է նախագիծ՝ հնագույն քաղաքն ու շրջակայքը ուսումնասիրելու նպատակով։ Հետազոտության արդյունքում Բալաթալմի տաճարի հյուսիս-արևելյան շրջանում՝ Կոմ Օմբոյի տաճարի տարածքում, հայտնաբերվել է վարչական շենք, որը ներառում է տարբեր սենյակներ։ Այն վերագրվում է Եգիպտոսի առաջին անցումային ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. 2180-2050թթ.։ 

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև ավելի քան 20 կոնաձև պահեստներ, որոնք օգտագործվում էին հացահատիկի պահեստավորման համար, կերամիկական անոթներ, խաղաքարեր, կրաքարե բեկորներ։ Այդ ժամանակաշրջանում Կոմ Օմբոն եղել է գյուղատնտեսության և առևտրի նշանավոր կենտրոն, որի վկայությունն են գյուղատնտեսական մի շարք առանձնահատկությունների մասին վկայող բացահայտումները։ Ասուանի և Նուբիայի հնագիտական հուշարձանների տնօրեն Դոկտոր Աբդ Էլ-Մոնիեմը բացահայտման նասին պատմել է Luxor Times-ին. «Պահեստում կիրառված ճարտարապետական ​​տարրերը շատ լավ են պահպանվել։ Ահա, օրինակ, 2 մետրանոց պատերը հնագույն վկայություններ են պարունակում: Իսկ առնետների և մկների ոսկորների առկայությունը վկայում է պահեստային տարածքների՝ վնասատուներով վարակման մասին»։

 

Անտիկ հնությունների խորհրդի քարտուղար Մուստաֆա Վազիրին համարում է, որ այս հայտնագործությունը եզակի է տարածաշրջանի պատմության համար, քանզի վկայում է շրջանի կարևորության մասին, որը նաև ակտիվ բնակեցված է եղել։ Բնակավայրը հազարավոր տարիներ թաղված է եղել ավազի տակ, սակայն հնագիտական պեղումների արդյունքում պարզվեց, որ այն Հին Եգիպտոսի՝ երբևէ հայտնաբերված ամենամեծ քաղաքներից է։

Հնագետների կարծիքով՝ համալիրը մի շարք նմանություններ ունի բացահայտված մեկ այլ՝ Ատեն քաղաքի վարչական շենքերի հետ։ Ատենը հայտնաբերվել էր պատահաբար՝ Թութանհամոն փարավոնի գերեզմանը փնտրելիս։ Բնակավայրը բավականին լավ էր պահպանվել։ Պահպանված քաղաքային բնակավայրը կազմված էր տներից, փողոցներից, պատերից շատերը 10 մետր բարձրություն ունեին։ Արձանագրությունները վկայում են, որ քաղաքը հիմնադրվել է Ամենհոթեպ 3-րդի (մ.թ.ա. 1390–1352թթ.) օրոք։ Այն ևս անվանվում էր «Ոսկե քաղաք», քանի որ կառուցվել է հին Եգիպտոսի Ոսկե դարում։ Ատենում ևս հայտնաբերվել են խոհանոցներ, սննդի արտադրության հետ կապված այլ տարածքներ, ինչպես նաև՝ ավելի քան 20 կգ չորացրած միս պարունակող անոթ, որը պատրաստել է Լուվի անունով մսագործը։ Կային նաև արհեստանոցներ, որոնք արտադրում էին դեկորատիվ թալիսմաններ։ Իսկ բնակելի և վարչական թաղամասը շրջապատված է յուրահատուկ զիգզագ պարիսպներով։