Մշակույթ

Art Nouveau ոճի ամենագեղեցիկ շենքերն՝ աշխարհում

Art Nouveau-ն դիզայնի և ճարտարապետության յուրօրինակ ժանր է, որն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին: Արվեստի այս ոճն առաջացել է իբրև բողոքի յուրատեսակ դրևորում՝ ընդդեմ քաղքենիության, հակաէսթետիզմի, պոզիտիվիզմի և պրագմատիզմի։ Ըստ բելգիացի ճարտարապետ Անրի վան դե Վելդենի՝ մոդեռնը պետք է դառնար ձևավորվող նոր հասարակության կյանքի ոճը և գեղագիտորեն հագեցած, առարկայական, տարածական, ամբողջական միջավայր ստեղծեր։ Մոդեռն ճարտարապետությունը ևս, բովանդակային առումով, շրջադարձային է դարձել 20-րդ դարի ճարտարապետության մեջ՝ մերժելով անցյալի գեղարվեստական ոճերը։ Այն հիմնականում ծաղկում է ապրել 1890-1910թթ․՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Մոդեռն ճարտարապետության հիմնադիրներից է եղել Օտտո Վագները։ Այս ոճում վառ արտահայտված է շարժման զգացումը, որի շնորհիվ կերպարներին տրվում են ասիմետրիկ գծեր։ Ոճական առանձնահատկություններին միացել են նաև տեխնոլոգիական նորամուծությունները, մասնավորապես, երկաթի, ապակու, կերամիկայի օգտագործումը հնարավոր է դարձրել անսովոր կառույցներ ստեղծել։ 

Majolikahaus. Վիեննա, Ավստրիա


Ավստրիացի ճարտարապետ, վիեննական մոդեռն դպրոցի հիմնադիր Օտտո Վագների Majolikahaus-ը հայտնի է որպես սեցեսիոն ոճի լավագույն նմուշ Ավստրիայում։ Վագների տան պատերը պատրաստված են փոքր սալիկներից։ Այդ ոճը ստացել է Majolika անվանումը։ 

Alberta փողոց. Ռիգա, Լատվիա


Ռիգայի Ալբերտա փողոցում ևս կան Art Nouveau ոճի դիզայներական գեղեցիկ լուծումներով մի շարք շենքեր: Ալբերտա փողոցը հիմնադրվել է քաղաքի 700-ամյակի առթիվ և անվանվել Ռիգայի հիմնադիր Ալբերտ ֆոն Բուքսգեվդենի պատվին։ Շենքերից մեկը զարդարում է «օձակերպ» պատշգամբը, ինչի վերին հարկը զարդարող կարևոր դեկորատիվ տարր է մասկերոնե ռելիեֆը, որի վրա երեք մեդուզաներ են պատկերված։ 

Museum of Applied Arts. Բուդապեշտ, Հունգարիա


Դեկորատիվ-կիրառական արվեստների թանգարանը նախագծվել է հունգարացի մեծ ճարտարապետ Օդոն Լեքների կողմից՝ 1893-1896թթ.։ Այն միավորեց Art Nouveau ոճն արևելյան ոճի հետ։ Լեքները դիմում է հունգարական ժողովրդական բանահյուսության օգնությանը, որի վրա մեծ էր պարսկական և հնդկական դեկորատիվ-կիրառական արվեստի ազդեցությունը։ Թանգարանը հունգարական ազգային ոճի լավագույն դրսևորումն է։

Cit Turin: Թուրին, Իտալիա


Իտալիայի Թուրին քաղաքի ճարտարապետության մեջ ևս կան Art Nouveau ոճով կառուցված բազմաթիվ շենքեր: Դրանց թվում է Թուրինի պատմական փոքր թաղամասը, որը միավորում է Բորգո Սան Պաոլո, Լեսնա, Պոցցո Ստրադա և Սենիսիա թաղամասերը։ Թաղամասը ձևավորվել է 19-րդ դարի վերջին, սակայն այդտեղ հայտնաբերվել են նախահռոմեական համալիրներ։ Այն վերածվել է անկախ վարչական միավորի, բայց գործնականում կցված է քաղաքին։ 

Jugendstilsenteret. Ալեսունդ, Նորվեգիա


Ալեսունդի Art Nouveau town-ը Սկանդինավիայի Art Nouveau ճարտարապետության ոճի հուշարձանների շարքում ամենագեղեցիկ համալիրն է: 1904թ․ սարսափելի հրդեհն ավերեց քաղաքը, սակայն այն շուտով վերակառուցվեց՝ հիմք ընդունելով սկանդինավյան ոճերի խառնուրդը։ Մոդեռն ոճի մեկ այլ ֆանտաստիկ օրինակ է Jugendstilsenteret թանգարանը՝ Art Nouveau-ի ազգային կենտրոնը, որը գործում է 1907թ․-ից։

Palacio de Bellas Artes. Մեխիկո, Մեքսիկա


Գեղեցիկ արվեստների պալատը համարվում է Մեխիկոյի մշակութային կենտրոնը և ամփոփում է Art Nouveau-ի և Art Deco-ի ամենատարբեր ոճեր։ Շենքը գտնվում է Մեխիկոյի պատմական կենտրոնի արևմտյան կողմում՝ Ալամեդա կենտրոնական զբոսայգու հարևանությամբ։ Այստեղ կազմակերպվում են երաժշտական, թատերական միջոցառումներ, մի շարք խոշոր ցուցահանդեսներ: Դրա շնորհիվ էլ «Palacio de Bellas Artes»–ը ստացել է «Մեքսիկայի արվեստի տաճար» անվանումը։

Villa Majorelle. Նանտ, Ֆրանսիա


Ֆրանսիական այս տունը կառուցվել է կահույքագործ Լուի Մաջորելի համար: Դղյակը հանրության համար բաց է 1970-ականների վերջերից: Այն Ֆրանսիայում Art Nouveau ճարտարապետական ոճի առաջին և ամենավառ օրինակներից է: Տան հյուսիսային և գլխավոր ճակատամասը կազմված է տարբեր չափի երեք բլոկներից, որոնք զարդարված են մոդեռն դեկորացիաներով։ Դղյակի մուտքի մոտ, որը գտնվում էր արևելյան ճակատամասում, կան մոդեռն ոճով կառուցված, դարչնագույն խողովակներով ծխնելույզներ։ 

Little Singer Building. Նյու Յորք, ԱՄՆ


Singer building-ը, կառուցվել է 1908թ․ և եղել է աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ 187 մ բարձրությամբ: Ցավոք, այդ տիտղոսը նա վայելեց միայն մեկ տարի, քանի որ 1909թ․ կառուցված Metropolitan Life Insurance company Tower-ը հասավ 213 մ-ի: Շենքը քանդվել է 1968թ․ և կարճ ժամանակ անց փոխարինվել Liberty Plaza-ով: Բարեբախտաբար, նրա կրտսեր եղբայրը՝ Little Singer Building-ը, մինչ այսօր կանգուն է։ Շենքը նախագծվել է Նյու Յորքի ճարտարապետ Էռնեստ Ֆլագգի կողմից, ով նեո-վերածննդի ոճի հետևորդ էր։ Little Singer Building-ը համարվում է Ֆլագի ամենաարդյունավետ աշխատանքը, որտեղ, կառուցվածքային առումով, աչքի է ընկնում երկրորդ հարկում գտնվող հսկայական կամարը։

Eliseyev Emporium. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան


Շենքի շինարարությունն ավարտվել է 1903թ․։ Ներկայումս շենքում տեղակայված են մանրածախ առևտրի կենտրոններ և թատրոն։ Մեծահարուստ վաճառական Գրիգորի Ելիսեևը ճարտարապետ Գավրիլ Բարանովսկուն հանձնարարել է  իր ընտանիքի համար կառուցել մեծ շենք։ Այն վերանվանվեց բոլշևիկյան հեղափոխության ժամանակ, սակայն Պետերբուրգում ապրողների համար միշտ էլ մնաց «Ելիսեևյան էմպորիում»։

Hotel Chile. Բուենոս Այրես, Արգենտինա


70 սենյակ ունեցող հյուրանոցը նախագծվել է 1907թ․՝ ֆրանսիացի ճարտարապետ Լուի Դյուբուայի կողմից, որը եղել է Փարիզի մոդեռնիստական École des Beaux-Arts դպրոցի շրջանավարտը։ Սակայն 1988թ․ օգոստոսի 4-ին բռնկված հրդեհի հետևանքով շենքի մուտքն ամբողջովին վնասվեց։ Դրանից հետո հյուրանոցը վերականգնվել է՝ գմբեթն ու ֆասադը փոխվել են։