Մշակույթ

Christian Dior-ի դիցուհիները Աթենքում

Նորաձևության ինդուստրիան վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հին հունական քաղաքակրթության փառահեղ անցյալի գեղագիտական տարրերի և սիմվոլների նկատմամբ։ Ոգեշնչվելով անտիկ լեգենդներից և դիցաբանական պատկերներից՝ նորաձևության տներից շատերն իրենց հավաքածուներում միահյուսում են հնագույն քաղաքակրթության գեղեցիկ տարրերը և ժամանակակից նորաձևության տենդեցները։ Ֆրանսիական Christian Dior նորաձևության տունը առաջամարտիկներից մեկն է, նախորդիվ՝ իտալական Dolce & Gabbana նորաձևության տունն էր 2019թ. ներկայացրել ALTA MODA հավաքածուն։ 

70 տարի անց Christian Dior-ը կրկին վերադարձավ Աթենք և իր շոուն ներկայացրեց քաղաքի մի շարք տեսարժան վայրերում ու հնավայրերում։ Իսկ ֆոտոշարքերն ուղղակի ապշեցրել են պատմության և նորաձևության սիրահարներին։ Առաջին անգամ բարձր նորաձևության ցուցադրություն կազմակերպվել էր Ակրոպոլիսում՝ 1951թ., ֆրանսիական Paris Match ամսագրի համար։ Dior-ի «Cruise 2022» հավաքածուի մեկնարկը տրվեց 2021թ․՝ Աթենքում: Հավաքածուի հիմնական գեղարվեստական առանձնահատկությունները նախագծվել և ձևակերպվել են իտալացի դիզայներ, Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրազիա Չիուրիի կողմից։

Հին հունական ավանդական տարազների անբաժանելի մաս կազմող պեպլոսը և քիտոնը դարձել են Չիուրիի դիզայներական փորձարկումների հիմնական աղբյուրը։ Պեպլոսը երկար վերնազգեստ է, որը կրում էին կանայք՝ արխայիկ և դասական դարաշրջաններում։ Պեպլոսի վերին հատվածն ամրացնում էին գոտկատեղին, ինչը ստեղծում էր երկու մասից բաղկացած հագուստի պատրանք: Իսկ քիտոնը բաղկացած էր երկու, երբեմն՝ մեկ կտորից, որը կրում էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։

Չիուրին կարողացել է իր ստեղծագործություններում գեղեցիկ նրբերանգներով ներկայացնել նորաձևության արդիական լուծումները և հունական մուսաների շունչը։ Հավաքածուի որոշ մոդելներում, երբ հագուստի ձևն ուղիղ կապ չունի անտիկ շրջանի հետ, Չիուրին կտորների վրա կիրառել է հին հունական ժայռապատկերներ և այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսին է, օրինակ, Աթենաս աստվածուհու պատկերը։ Dior-ը համագործակցել է Հունաստանում նշանավոր վարպետ Արիստեդիս Ցոնեվրակիսի հետ, ով բնակվում է Արգոսում (Պելոպոնես)։ Ցոնեվրակիսը ասեղնագործության մեջ յուրօրինակ մոտեցում է ցուցադրել, և հավաքածուում տեղ են գտել նրա նախագծած բաճկոնը և պայուսակը։ 

 

Բացի արհեստավորներից՝ Չիուրին համագործակցել է նաև հույն նկարիչ Քրիստիան Սոուլուի և իտալացի նկարիչ Պիետրո Ռուֆոյի հետ: Սոուլուն նկարել է հին հունական գրականությունից, առասպելներից հայտի կանանց այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Արաքնեն, Արիադնեն եւ Պենելոպեն, որոնց պատմություններում անբաժան մաս են կազմում կերպարանափոխությունները։ Ռուֆոն նաև նկարել է առավել աբստրակտ պատկերներ։ Լուսանկարիչների թվում են Էլինա Կեչիչևան, Ռիա Մորտը, Մառա Դեզիպրիսը, Էֆի Գոուսիին եւ Իոաննա Սակելլարակին։

 

«Cruise-2022» հավաքածուի ցուցադրությունը մեծ եկամուտներ է բերել Հունաստանին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ նորաձևության տունը թույլտվությունների համար վճարել է ավելի քան 1 միլիոն եվրո: Ինչպես նորձևության փորձագետներն են ասում՝ սա Dior-ի ներսում նեոկլասիկ ոգին վերակենդանացնելու գինն էր։ Հնագետներն ու մշակութաբաններն էլ քննարկում են այն հարցը, թե ինչպիսի հետևանքներ կունենա նորաձևության տների ցուցադրության համար հնագիտական վայրերի ընտրությունը։ Որոշման կողմնակիցնեը նշում են, որ, քանի դեռ հուշարձանները վերահսկվում են մասնագետների կողմից, չպետք է կանխել նման գեղեցկության ցուցադրումը։

Ի դեպ, նորաձևության տան նպատակն էր ամբողջ շոուն բեմադրել հենց Աթենքի Ակրոպոլիսում, սակայն համարձակ խնդրանքը մերժվել էր Ազգային հնագիտական խորհուրդի և Մշակույթի նախարարության կողմից։ Gucci-ն 2017-ին ևս հանդես էր եկել Ակրոպոլիսում նորաձևության ցուցադրություն իրականացնելու խնդրանքով, սակայն իշխանությունների դիրքորոշումն այն ժամանակ ևս հաստատուն էր: Ի վերջո, բանակցություններից հետո Dior-ին  թույլատրվեց միայն ֆոտոշարքեր իրականացնել Ակրոպոլիսում, իսկ գլխավոր շոուն պետք է բեմադրվեր Պանաթենայի մարզադաշտում: Նորաձևության տանը թույլատրվում էր ֆոտոշարքեր կազմակերպել Ագորայում, Սունյոնի Պոսեյդոնի և Նեմեայի Զևսի տաճարներում։