Հռոմեական Տիբերիուս կայսեր ծովափնյա շքեղ դղյակը գտնվում է Սպերլոնգայում, որն Իտալիայի արևմտյան ափին է՝ Լատինա պրովինցիայում, և զբաղեցնում է դեպի ծով իջնող Չանիտո լեռնալանջի մեծ մասը։ Դղյակը կառուցվել է մոտ մ.թ.ա. 30-20 թթ., Գրոտտոյի մոտ և դրա համար էլ կոչվում է «Սպելունկա» (լատիներեն՝ spelunca` քարանձավ):
Տիբերիոս (14-37թթ.) կայսրը ընդարձակել է համալիրը մ.թ. 1-ին դարի ընթացքում, որպես անձնական նստավայր։ Տարածքը զգալիորեն ընդլայնվել է, համալիրի մաս են կազմել գիմնազիան, բաղնիքները, ընդարձակ համալիրները և մի քանի ավազաններ, որոնք լցվում էին բնական աղբյուրներից։ Դղյակում կազմակերպվել են շքեղ խնջույքներ, իսկ կենտրոնում հսկայական բնական քարանձավ է եղել, որն ունեցել է նաև շրջանաձև ավազան: Քարանձավի պատերը զարդարված են գունավոր օպուսե խճանկարով, շրջանաձև ներքին լողավազանը միացված է արտաքին ուղղանկյունին։ Ավազանի կենտրոնում պահպանվել է պատվանդան, որի վրա կանգնած է նշանավոր «Սկիլլան և Ոդիսևսի նավը» քանդակախումբը։ Լողավազանի կենտրոնում եղել է նաև արհեստական կղզի, որտեղ կար նաև ամառային ճաշասենյակ։
Ըստ հռոմեացի պատմիչ Տակիտոսի՝ մ.թ.ա. 26 թ., երբ Տիբերիոսը իր մտերիմ Սեջանոսի հետ ճաշում էր քարանձավում, տանիքը հանկարծակի փլուզվել է։ Տակիտոսը գրում է. «Նրանք ճաշում էին քարանձավի նման մի տան մեջ, որը գտնվում էր Ամուկլոն ծոցի և Ֆունդիի բլուրների միջև՝ բնական գրոտտոյում։ Մուտքի մոտ գտնվող ժայռերը հանկարծ ընկան և վնասեցին սպասավորներից մի քանիսին, իսկ հյուրերը խուճապի մատնվեցին։ Սեջանոսը փորձեց փրկել կայսրին, որից հետո նրանց օգնության եկավ զինվորների խումբը»: Դժբախտ պատահարից հետո Տիբերիոսը հեռանում է Կապրի և հեռանում կայսրության կառավարումից։ Այնուհետև դղյակում ապրում է Տիբերիոսի մայրը՝ Լիվիա Դրուզիլան։ Տիբերիոսը վստահում էր Սեժանոսին և Նավիոս Սուտորիուս Մակրոյին, որոնք իր փոխարեն պետք է վերահսկեին կայսրության գործերը, սակայն հենց նրանք էլ փորձեցին տապալել կայսերը։ Մ.թ.ա 31-ին Սեջանոսը հրավիրվեց Սենատ, որտեղ ներկայացվեց Տիբերիոսի նամակը, որում Սեջանոսը դատապարտվում էր մահապատժի։
1957թ.՝ ճանապարհների կառուցման ընթացքում, Տիբերիոսի քարանձավում հայտնաբերվել են «Պոլիֆեմոսի կուրացումը Ոդիսևսի կողմից», «Սկիլլայի հարձակումը Ոդիսևսի նավի վրա», «Պալադիումի առևանգումը Ոդիսևսի և Դիոմեդեսի կողմից» և այլ նշանավոր քանդակների մի շարք մնացորդներ, որոնք վերակառուցվել են։ Քանդակների բեկորների վրա պահպանվել են Ալեքսանդրի, Պոլիդորոսի և Աթենոդորոսի ստորագրությունները։
Փորձագետները կարծում են, որ հայտնաբերված բոլոր բեկորները ստեղծվել են նույն վարպետների կողմից և, ավելին, ստորագրությունները հավաստի են, թեև առաջարկվում են տարբեր թվագրումներ։
Այնուամենայնիվ, Տիբերիոսի քարանձավում հայտնաբերված բեկորները հելլենիստական դարաշրջանին բնորոշ աշխատանքներ են և ստեղծվել են Հռոդոսի դպրոցի վարպետների կողմից: Քանդակները ցուցադրված են Սպերլոնգայի ազգային հնագիտական թանգարանում։