Մշակույթ

Նեոլիթյան 9000-ամյա համալիր Հորդանանում

Հորդանանի արևելյան անապատում հնագիտական արշավախումբը հայնաբերել է մոտ 9000 տարեկան նեոլիթյան ծիսական համալիր։ Սրբավայրը գտնվել է հին որսորդական թակարդների մոտ, որոնք կոչվում են «անապատային օդապարիկներ»։ Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է երկու երկար պատից, որոնք նման են հսկա նետերի։ Մասնագետները կարծում են, որ նման թակարդների դեպքում կենդանիները կարող էին մտնել ներս, և այդկերպ հնարավոր կլիներ նրանց շեղել և մորթել։ Նմանատիպ կառույցները ցրված են հարավարևմտյան և կենտրոնական Ասիայում։ Ամենահնագույնները համարվում են Հորդանանի Բադիա շրջանում հայտնաբերվածները։ Նեոլիթյան տաճարում «անապատային օդապարիկների» պատկերների կողքին կա երկու կանգուն քար, որոնք փորագրված էին մարդկային պատկերներով ու ծովային խեցիներով։ Կա նաև զոհասեղան, որը ևս ստեղծված է թակարդների մոդելով։ «Այս 9000-ամյա անառիկ բնակավայրը եզակի է, առաջին հերթին՝ իր պահպանվածության, այնուհետև՝ կիրառված հնարքի առումով»,- ասում է արշավախմբի անդամ, հորդանանցի հնագետ Վաել Աբու-Ազիզան:

Հնագիտական արշավախմբի կազմում են նաև Հորդանանի Ալ Հուսեյն Բին Տալալ համալսարանի և Մերձավոր Արևելքի Ֆրանսիական ինստիտուտի հնագետները: Նրանք հայտարարել են, որ սրբավայրը նոր լույս է սփռում մինչ օրս անհայտ նեոլիթյան բնակչության կիրառած խորհրդանիշների, տեխնոլոգիաների, գեղարվեստական արտահայտչամիջոցների, ինչպես նաև՝ մշակույթի վրա։ Գտածոների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թակարդները մշակութային, տնտեսական և խորհրդանշական կյանքի կենտրոն են հանդիսացել։ Հորդանանի անապատային շրջանը հազարավոր տարիներ բնակեցված է եղել բեդվիններով, և այստեղ են գտնվում տարբեր հնագիտական համալիրներ: Լեվանտում է այժմ գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված հինգ համալիր, որոնցից ամենահայտնին Պետրա քաղաքն է՝ քանդակված կարմիր ավազաքարե ժայռի մեջ, որը ստեղծվել է 4-րդ դարում՝ նաբաթեացիների կողմից։ 2016թ․ հնագետները հայտնաբերել են քաղաքի ավազների տակ թաղված հսկայական հուշարձան, որը, ինչպես կարծում են հնագետները, ավելի քան 2000 տարեկան է: