NFT (Non-fungible tokens) բառը դարձել է ամենակիրառելիներից մեկը 2021թ․ ընթացքում՝ շնորհիվ Իլոն Մասկի, Սթիվ Քոհենի, Ջեկ Դորսի և այլոց։ Այն հանդիսանում է եզակի վկայագիր՝ համացանցային պատկերների, մուլտիմեդիա օբյեկտների, տեսանյութերի համար։ Սակայն ի՞նչն է այն դարձնում առավել յուրօրինակ՝ պատասխանը պարզ է. մարդկանց՝ տարբերվելու ցանկությունը։ Առաջին NFT տարբերակը հայտնվել է 2013թ․ և կապվում է Valve Corporation-ի հետ։ NFT-ն բլոկչեյնում պահվող ոչ փոխանակելի միավոր է, թվային մատյան, որը կարող է վաճառվել և վերավաճառվել։ Այն եզակի օբյեկտին կցված թվային վկայագիր է: Տեղեկատվական համակարգում նշաններն այնպես են մուտքագրվում, որ դրանք հնարավոր չլինի կեղծել կամ ջնջել։ Ըստ Fiverr-ի անցկացրած հարցման՝ ԱՄՆ-ում բնակվող երեք բնակչից երկուսը շահույթ են ստացել NFT համակարգի միջոցով։
Արգենտինացի երգիչ Ֆրենկ Թավիսն ապրում էր այն կյանքով, որի մասին մշտապես երազել է: 26-ամյա երաժիշտը շրջում էր աշխարհով մեկ և հանդես գալիս փողոցներում և սրճարաններում։ Նա շրջել է ավելի քան 20 երկրում, սիրելի մասնագիտությամբ վաստակել մեծ գումարներ և վճարել ճամփորդության ծախսերը։ Սակայն covid-19 համավարակը մեծ հարված հասցրեց երգչի աշխատանքներին։ Նման իրավիճակներում օգնության են հասնում թվային աշխարհի այլընտրանքային տարբերակները։ NFT հավաքածուներն այժմ լայն տարածում են գտնում։ Դրանք եզակի թվային օբյեկտներ են, որոնք հիմնվում են կրիպտոարժույթների վրա։ Թավիսը ճանաչում էր արվեստագետների, որոնց նա կարող էր վճարել՝ արվեստի գործեր նախագծելու համար, որոնք կարող էին օգտագործվել NFT հավաքածուներում։ 2022-ի հունվարից երաժիշտը, որպես միջնորդ, որը վաճառում է արվեստագետների աշխատանքը NFT-ի սիրահարներին, կուտակել է ավելի քան 10.000 դոլար: NFT-ն եզակի հավաքածու է և գոյություն ունի մեկ օրինակով, այն չի կարող բաժանվել, և դրա հեղինակի, գնորդի և բոլոր գործարքների մասին բոլոր տեղեկությունները ապահով պահվում են բլոկչեյնում:
Շատ հաճախ, NFT-ների մասին խոսելիս, այն ներկայացնում են որպես կերպարվեստի էվոլյուցիայի նոր, վիրտուալ փուլ։ Այն հնարավորություն կընձեռնի՝ դառնալ բնօրինակի սեփականատերը, չնայած նրան, որ ստեղծողը կարող է պահպանել հեղինակային իրավունքը։ Թվային արվեստի դեպքում ցանկացած պատճեն չի տարբերվում բնօրինակից: Տեխնոլոգիան ապագայում մեծ հեռանկարներ է ունենալու, և հետաքրքիր է, որ այժմ քննարկվում են նախագծեր՝ ուսանողներին NFT վկայագրեր տալու շուրջ։ Դրանով նաև հնարավոր կդառնա պայքարել կոռուպցիայի դեմ։
Իսկ ի՞նչ կարելի է վաճառել NFT-ի տեսքով։ Դրանցով հնարավոր է վաճառել երաժշտություն, լուսանկարներ, տեքստեր, վիդեո, 3D մոդելներ, այսինքն՝ ցանկացած թվային արտադրանք, որը եզակի Է։ Այժմ նաև մեծ թիվ են կազմում NFT կոլեկցիոներները և գեյմերները։