«Կինոն համարում են սինթետիկ արվեստ, բայց ես համամիտ չեմ: Կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերը, կինոն ջուր է խմում այնտեղից, որտեղից խմում են առանձին վերցրած և՛ գրականությունը, և՛ կերպարվեստը, և՛ երաժշտությունը»։
Արտավազդ Փելեշյան
Այսօր լեգենդար սցենարիստ, ռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է՝ 84-ամյակը։ Հարցազրույցներից մեկում անկեղծանալով՝ ռեժիսորն ասել է. «Եթե չլիներ կինոն, ես չէի ծնվի»։
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938թ. փետրվարի 22-ին՝ Լենինականում: 1963-68թթ. սովորել է Մոսկվայի Կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում:
1968թ․-ից սկսելով աշխատել Հայաստանում՝ Փելեշյանը հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում ստեղծել է «Մարդկանց երկիրը», «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982) ֆիլմերը: Համագործակցել է հայ նշանավոր օպերատորներ Լաերտ Պողոսյանի, Կարեն Մեսյանի, Միքայել Վարդանովի, Գևորգ Չաուշյանի հետ։ Նկարահանվել է նաև «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում՝ Ռևազի դերում։
Փելեշյանի մասնագիտական փնտրտուքների մասին պատմում է իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելոի՝ 2013թ․ նկարահանած «Փելեշյանի լռությունը» («Il silenzio di Pelešjan») ֆիլմը։
Ռեժիսորը 1996թ․ պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ համաշխարհային կինոմատոգրաֆիայում ունեցած մեծ ավանդի համար 2006 թվականին արժանացել է «Փարաջանովյան Թալեր»-ի «Ոսկե Ծիրան» միջազգային մրցանակին։
Ամերիկյան էքպերիմենտալ ֆիլմերի ռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն կինոյում իր կուռք է համարում հենց Փելեշյանին։ Փելեշյանն իր ֆիլմերում վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ դրանց վերաբերելով բանաստեղծական նրբերանգներով։
Վարպետը շատ խոսել չի սիրում, իսկ լռության մասին իր սերն արտահայտում է անհատական մոտեցումներով և կինոաշխարհում արդեն հայտնի դարձած մասնագիտական լուծումներով։ Ահա, օրինակ, կինոարտադրողներին քաջ հայտնի է տարածական մոնտաժի Փելեշյանի տեսությունը, որն ուսումնասիրվում ու դասավանդվում է աշխարհի բոլոր կինոինստիտուտներում և կինոստուդիաներում։ Դրա հիմքում Փելեշյանի՝ պատկերների հետ յուրօրինակ խաղն էր, որի արդյունքում վարպետը բաժանում էր պատկերները, հեռավորության վրա դնում՝ դրանց միջակայքում օգտագործելով նոր պատկերներ։ Իսկ լռելու մասին խոսելիս հիշում էր իր վարպետին. «Վարպետս միշտ ասում էր՝ դու միայն նկարիր, բայց մի՛ խոսիր»։ Հենց այս խոսքերն էլ հիմք հանդիսացան ռեժիսորի հուշերը ներկայացնող «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» հուշագրության համար։
Ռեժիսորի 84-ամյակի առթիվ այսօր Փարիզում տեղի կունենա նաև «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։