Քաղաքական

ԲԴԽ անդամը ողջունում է օրենսդրական վերջին փոփոխությունը

ԱԺ-ն երեկ ընդունեց ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի` Բարձրագույն դատական խորհրդի որոշումների համար այսուհետ բավարար կլինի 10 անդամներից 5-ի համաձայնությունը։ Օրենքի մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է ԲԴԽ նիստերի քվորումին. այժմ, եթե 10 հոգանոց ԲԴԽ-ի 7 անդամ ներկա չէ, նիստն իրավազոր չէ, օրենսդրական փոփոխությամբ նիստն իրավազոր կլինի, եթե ներկա լինեն ԲԴԽ անդամներից 6-ը։

Radar Armenia-ի հետ զրույցում ԲԴԽ-ի անդամ Գրիգոր Բեքմեզյանն օրենսդրական փոփոխությունը դրական համարեց։ Նա նշեց, որ որոշման ընդունմանը կողմնակից է եղել դեռևս 2017 թվականին. «Նման փոփոխությունը ինձ թվում է ավելի արդյունավետ է դարձնելու, ավելի հեշտացնելու և օպերատիվ է դարձնելու Բարձր դատական խորհրդի գործունեությունը։ Քանի որ շատ բարձր շեմ է սահմանված եղել քվորումների և մասնակցության համար, շատ հաճախ նիստերը և որոշումների կայացումը հետաձգվել է, և որոշ դեպքերում նույնիսկ հնարավորություն չենք ունեցել որոշում կայացնելու՝ բավարար քանակությամբ ձայներ չունենով»։

Բեքմեզյանի խոսքով այս փոփոխությունը առաջակվել է դեռևս 2020 թվականի նախագծի ժամանակ. «Մենք նոր էինք եկել Բարձր դատական խորհուրդ, և խորհրդում չկար բավարար քանակությամբ անդամ։ Ընդամենը 6-7 անդամ էին մնացել, և փաստացի մեկ բացակայությունն արդեն զրկում էր խորհրդին որոշումներ կայացնելուց։ Այդ իսկ պատճառով մեր կարծիքով, ավելի արդյունավետ դարձնելու համար ԲԴԽ-ի գործունեությունը, ճիշտ է, որ լինի այս կարգավորումը, որը երեկ ընդունվեց արդեն»։ 

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, կարծում են՝ օրենսդրական այս փոփոխությունները խնդրահարույց են և միտված են դատական համակարգը ճնշելուն։ Օրենքի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին նախագիծն այդ առումով։

Բեքմեզյանը, սակայն, հակառակ տեսակետն ունի. «Ես նման մտավախություն ընդհանրապես չունեմ, որովհետև ԲԴԽ-ի բոլոր 10 անդամներն էլ պարտավոր են պրոֆեսիոնալ լինել և իմ կարծիքով պրոֆեսիոնալ են։ Ցանկացած գործ քննելիս մենք նայում ենք՝ եթե հիմնավորված է այն, ապա պետք է բավարարվի, եթե հիմնավորված չէ, պետք է մերժվի։ Հիմա 6 հոգի է դրան կողմ քվեարկում, 5 թե 7, ինձ թվում է՝ դա էական չէ։ Կարևորն այն է, որ մենք կարողանանք այդ գործը քննել և ճիշտ լուծել»։ 

Լուսինե Գրիգորյան