Քաղաքական

Բարձրացվում են դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին:

Փաթեթն ընդունելու դեպքում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին,  ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար կսահմանվեն կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ։

Արձագանքելով այս նախագծին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Բարձրացվում են դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները։ Այստեղ էլ ենք ստանդարտ սահմանում»։ 

Ըստ նրա՝ «Երբ մենք դատավորների, դատախազների համար սոցիալական երաշխիքներ ենք ստեղծում, մենք այդ համակարգը ինչքան իրենց համար ենք ստեղծում, այնքան էլ ձեզ համար(քաղաքացիների) համար ենք ստեղծում։ Մենք դա անում ենք, որ հնարավորինս որակյալ արդարադատության ծառայություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին»։ 

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրված նաև նման այլ նախագիծ. «Սա հանրային հնչեղության առումով այնքան էլ ականջահաճո և ակնահաճո չի։ Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը։ Առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ։ Շրջանառության մեջ է վճռաբեկ դատարանի և սահամանադրական դատարանի դատավորների աշխատավարձի բարձրացման թեման»։ 

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ «Կոռուպցիայի անկյունաքարը, հիմքը ցածր աշխատավարձն է»։