ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ջասթին Թրյուդոյի կառավարությանը կոչ է արել օգտագործել դաշնային լիազորությունները և ապահովել, որ բողոքող բեռնատարների վարորդները դադարեն արգելափակել Ամերիկյան Դեթրոյթը և Կանադայի Օնտարիոն միացնող մաքսային կամուրջը։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը լրագրողներին հայտնել է, որ ամերիկյան կողմի բանակցություններին մասնակցել են ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը և տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիգը։ Նրանք կանադացի գործընկերներին կոչ են արել հասնել շրջափակման ավարտին։ Հունվարի վերջից Օտտավայում հավաքվել են տասնյակ բեռնատարներ, որոնք միավորվել են «Ազատության շարասյուն» շարժման մեջ՝ գրեթե կաթվածահար անելով մայրաքաղաքի կյանքը։ Նրանք բողոքում են Covid-ի սահմանափակումների, ինչպես նաև նոր օրենքի դեմ, որը պահանջում է Կանադա ժամանող բեռնատարների վարորդներին պատվաստել կամ կարանտի տակ լինել: Վերջին չորս օրվա ընթացքում ցուցարարները փակել են «Ambassador» կամուրջը, որը կազմում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև բեռնափոխադրումների ընդհանուր գրեթե 25%-ը։ Արգելափակված են ևս երեք սահմանային անցումներ՝ Վինձորում՝ Օնտարիո, Քոթսում՝ Ալբերտա և Էմերսոնում՝ Մանիտոբա:
Շրջափակումն արդեն ազդել է ավտոգործարանների աշխատանքի վրա, որոնց պահեստամասերը սպառվել են։ Toyota-ն, որն ստիպված է եղել փակել Օնտարիոյի իր երեք գործարանները, հայտարարել է, որ Կենտուկիի գործարանը փակվում է կանադական արտադրության մասերի պակասի պատճառով: Խնդիրների մասին հայտնել են Ford-ը և General Motors-ը։ Օնտարիոյում և Վինձորում գտնվող Ford-ի գործարանները ժամանակավորապես դադարեցնում էին արտադրությունը: Ավտոարտադրող Stellantis-ը հայտնել է, որ ընկերության Վինձորի գործարանը վերսկսել է աշխատանքը, սակայն իրավիճակը մնում է անկայուն՝ լոգիստիկայի հետագա ձգձգումների ռիսկի պատճառով: