Հայաստան

Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային աջակցելուն․ Նեդ Փրայս

ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև կայանալիք բանակցություններին,նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային աջակցելուն: Մենք շարունակական երկխոսության կոչ ենք անում կողմերին և հորդորում ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործունեությունն՝ ուղղակի ներգրավման համար գոյություն ունեցող մեխանիզմներն օգտագործելու և ձգտելու գտնել համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համար, ինչպես նաև կարգավորել իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով։ Մենք շարունակում ենք պատրաստ մնալ այս գործընթացին աջակցելու համար: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», - ասել է Փրայսը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում բողոքի ցույցերին, նա նշել է, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ռազմավարական երկխոսությամբ վերահաստատվել է նվիրվածությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու գործին:

«Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք կոչ ենք անում մարդկանց արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով, իսկ իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել և խրախուսել բողոքողներին զերծ մնալ բռնությունից, հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը», - նշել է Փրայսը։

Նա նաև հավելել է, որ պետքարտուղարի և նրա հայ գործընկերոջ՝ Միրզոյանի երկկողմ հանդիպմամբ մեկնարկում է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը։ Քարտուղարը պարտավորվել է էլ ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ համահունչ ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և շարունակել համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգում: Կողմերը ստորագրել են նաև միջուկային համագործակցության փոխըմբռնման հուշագիր՝ ճանապարհ հարթելով միջուկային հարցերում համագործակցության ընդլայնման համար, քանի որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարումը: Նրանք քննարկել են նաև Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական օրենքի գերակայության և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործում, ինչպես նաև ավելի լայն երկխոսություն են ունեցել Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների շուրջ: