ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և գործարար համայնքի ներկայացուցիչներ:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը: Նա բարձրաձայնել է ոլորտի համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ տարբեր տարիների գրանցած արդյունքները և հավաստիացրել, որ դրանք իրենց գործունեությամբ փոխել են աշխարհի տնտեսության զարգացման ուղին և արդյունաբերական 4-րդ հեղափոխության հիմք դրել:
Հակոբ Արշակյանն ընդգծել է այն փաստը, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նորագույն տեխնոլոգիաների ոլորտում զգալի հաջողություններ է գրանցում հատկապես օդատիեզերական ոլորտում:
ԱԺ փոխխոսնակը կարևորել է միջազգային համագործակցության առումով նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը և հավելել. «Հայաստանը վայր է, որտեղ կարող ես գտնել նոր հնարավորություններ»: Այժմ Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 27 000 մասնագետ կա, և այս թիվն օրեցօր աճում է: Առկա ցուցանիշները հաշվի առնելով՝ նա արձանագրել է, որ 2030 թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ոլորտի կայուն զարգացման համար կա բավարար հնարավորություն և ներուժ:
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել մեր երկրում գործող ավելի քան 2000 ընկերությունների գործունեության մասին, նշել 2015-2021 թթ. հայկական տեխնոլոգիական ընկերությունների արձանագրած ցուցանիշները, որոնք շարունակաբար աճ են գրանցել: ԱԺ փոխնախագահը ներկաներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Երևանում կայանալիք գիտական ամենահայտնի Starmus VI միջազգային փառատոնին:
Այնուհետև ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող տեսահոլովակ: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արժանացել է Ապագա նորարարություն գագաթնաժողովի մրցանակի: