Քաղաքական

«Անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին և ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափի բարձրացման որոշմանը։

Նա ընդգծեց, որ 2018-ից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումներն իրենց առաջնահերթություններից են. «Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ ցանկացած խնդիր, որին առնչվում ենք այս շենքի ներսում ու սրանից դուրս, յուրաքանչյուր գյուղում, այգում, ֆերմայում, փոքր ու միջին ձեռնարկություններում, վերաբերում է կրթության ոլորտին։ Կրթությունը մեզ համար հարցերի հարցն է. կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը։ Կրությունը ցկյանս պրոցես է»։

Նրա խոսքով՝ այսօր լրջագույն  խնդիր ունենք. «2019-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն։ Թվում է, թե նախորդ դարի առաջին կեսին մենք այդ խնդիրը հաղթահարել էինք, բայց հիմա առերեսվում ենք այդ խնդրին։ Անգրագիտությունն արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում, եկեք սա էլ, ի վերջո, խոստովանենք»։

Փաշինյանի խոսքով՝ իրենց առաջնային խնդիրներից է ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցայնությունը. «Արձանագրել ենք, որ մեր հանրակրթության ոլորտում այսօր կան ուսուցիչներ, որոնք ստանում են ամսական 30 հզ դրամ, առավելագույնը՝ 150-170 հզ դրամ աշխատավարձ։ Աշխատավարձերի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում»։