Երեկ երեկոյան կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որից հետո տարածվեց նրանց համատեղ հայտարարությյունը: Radar Armenia-ի հետ զրույցում հանդիպմանն ու կողմերի հայտարարությանն է անդրադարձել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
- Ինչպե՞ս կգնահատեք Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
- Առաջին անգամ էր Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում Մոսկվա, նման հանդիպումները, ըստ արարողակարգի, ավարտվում են համատեղ փաստաթղթի ստորագրությամբ։ Այս անգամ մենք տեսանք առաջին դեմքերի մակարդակով համատեղ հայտարարություն։ Մի քանի տասնյակ փաստաթղթեր են ստորագրվելու տարբեր գերատեսչությունների միջև։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այն, ինչ մեզ հայտնի է հրապարակային մակարդակով, ցույց է տալիս, որ, ընդհանուր առմամբ, կարող ենք խոսել կառուցողական հանդիպման մասին։ Կուլիսների ետևում ինչ է խոսվել ԼՂ-ի խնդրի, տարածաշրջանային զարգացումների մասին՝ վաղաժամ կհամարեմ գնահատական տալ, որովհետև նման հանդիպումների չբացահայտված մասերի հետևանքները ավելի ուշ են զգում՝ այս կամ այն իրադարձությունների ձևով։
- Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը իրենց հայտարարությունում նաև ընդգծել են ՄԽ համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ ԼՂ կարգավորման համատեքստում։ Սա ի՞նչ է նշանակում, եթե հաշվի առնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն այս պահին, կարծես, չի գործում:
- ԼՂ կարգավորման պահանջվածության ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մասին հիշատակումներն, անշուշտ, դրական են, բայց, ակնհայտորեն, կարգավորման քաղաքական բաղադրիչը ստորադասվում է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրմանը։ Այսինքն, ՄԽ համանախագահության մասին խոսվել է, իմ տպավորւթյամբ, արարողակարգային ենթատեքստով։ Ես այդ պարբերությունում չեմ տեսնում, որ ՄԽ համանախագահությունը վերակենդանացնելու գործնական քայլեր արվելու են, ուղղակի արձանագրվում է, և դա դրական է, որ ՄԽ-ը դե յուրե մնում է կարգավորման գործիքակազմ, բայց դա չի նշանակում, որ ներկա բարդ միջազգային համատեքստում ՄԽ համանախագահության կենդանացման նշաններին պետք է սպասել։ Այլ խոսքով՝ դե յուրե ոչ մեկը չի պատրաստվում չեղարկել ՄԽ համանախագահությունը, բայց, դե ֆակտո, նույնիսկ այդ հայտարարության մեջ դրա մասին հիշատակումը չի նշանակում, որ կարող ենք ակնկալել համանախագահների համատեղ աշխատանք։
- Համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։ Ի՞նչ ակնկալել սրանից:
- Ռուսաստանը հատուկ ընդգծեց, որ դա ոչ թե Բրյուսելում ձեռք բերված համաձայնություն է, այլ բխում է 2021թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության տրամաբանությունից։ Սա, ըստ էության, նույն համաձայնությունն է, ինչի մասին կողմերը խոսեցին նաև Բրյուսելում, ուղղակի ակցենտը փոխվեց։ Եթե այն ժամանակ դա արձանագրվում էր որպես Բրյուսելում ձեռք բերված համաձայնություն, հիմա շեշտադրումը կատարվում է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ համաձայնությունների վրա, բայց երեկվա ծավալուն հայտարարության մեջ անդրադարձ չկար խաղաղության պայմանագրին կամ դրա շուրջ հնարավոր զարգացումներին։ Խոսվում էր միայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխգործակցության կարևորության մասին։ Կարծում եմ՝ այս հայտարարությանը նաև այն մասին է, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ ամրագրում է այս տարածաշրջանում իր գերակա դիրքը և մեսիջ է հասցեագրում բոլոր միջազգային խաղացողներին, որ թե՛ հայ-ադրբեջանական դիալոգում, թե՛ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում հակամարտության կարգավորման գլխավոր մենեջերը ինքն է։
- Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ 30 կետ պարունակող այդ փաստաթուղթն անդրադարձ է կատարում երկկողմ, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ-ին, միջազգային համատեքստին։ Հայտարարությունում շեշտված չէ ԼՂ ինքնորոշման իրավունքի կարևորությունը։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, որ այդ հարցին չեն անդրադարձել:
- Չէր կարող շեշտված լինել, որովհետև եթե ինքնորոշման մասին հղում արվեր, պետք է հղում արվեր նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, միակողմանի հղում չէր կարող արվել։ Շատ պարզ երևում է, որ այս փուլում Մոսկվան ակնհայտորեն շահագրգռված չէ ԼՂ կարգավիճակի քննարկման հարցով։ Ի դեպ, սա Մոսկվայի հարցով նոր դիրքորոշում չէ։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թե՛ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ըդնունելով հանդերձ, որ պատերազմը վերջ չի դրել ԼՂ-ի հակամարտությանը, անընդհատ շեշտում էին, որ հիմա հումանիտար, անվտանգային, լոգիստիկ խնդիրներ լուծելու ժամանակն է, իսկ կարգավիճակին պետք է անդրադառնալ շատ ավելի ուշ։ Ես կարծում եմ, որ երեկվա հայտարարությունը նաև այդ մասին էր, որ Ռուսաստանը այս պահին չի նախաձեռնելու կամ չի պատրաստվում քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը։ Սա իր մեջ դրական հնարավորություններ է ստեղծում, որովհետև մեզ համար այս պահին առկախվում է ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումը, քանի որ պարտվող դիրքեր ունենք, ու մարտավարական իմաստով դա ձեռնտու է։ Մյուս կողմից էլ՝ ԼՂ խնդրի չլուծումը նաև ռիսկեր է դնում, որովհետև գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Արցախի հայաթափման հետևողական քաղաքականություն է իրականացնում, և ինչքան ուշ հասնենք կարգավորման, այնքան Ադրբեջանի ձեռքերն այս առումով ավելի ազատ են լինելու։ Արցախի կարգավիճակի առկախումը ստեղծում է և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր։
- Հայտարարությունում ընդգծվում է հայ- ադրբեջանական ու հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական միջնորդության ու Ռուսաստանի առանցքային դերի մասին։ Դա որքանո՞վ արդյունավետ կգործի:
- Ընդհանրապես, շատ լավ կլիներ, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական դիալոգները երկկողմ հարթության մեջ լինեին, և միջնորդներ չլինեին։ Տեսականորեն, շատ լավ կլիներ դա։ Օրինակ, հայ-թուրքական հարաբերություններում պետք է ձգտենք առավելագույնս հասնել նրան, որ միջնորդներ չլինեն։ Սա իդելական տարբերակն է, բայց ունենք այն, ինչ ունենք։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սուբյեկտիվությունն այնքան մեծ անկում է ապրել, որ այլընտրանք չունենք, Ռուսաստանի դերակատարությունը շատ մեծ է։ Հայ-ադրբեջանական դիալոգում առանց միջնորդի չենք կարող արդյունավետ գործընթաց ակնկալել, որվհետև նույն դելիմիտացիա\դեմարկացիայի հարցում քարտեզները գտնվում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում, և առանց Մոսկվայի խորհրդատվական և միջնորդական առաքելության՝ դժվար թե գործը առաջ գնա։ Ըստ այդմ, հայ-ադրբեջանական դիալոգում Ռուսաստանի միջնորդության անհրաժեշտությունն ունենալու ենք, և չմոռանանք, որ դա բխում է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Հայ-թուրքական դիալոգում, եթե կարողանանք առանց միջնորդների Անկարայի հետ ուղիղ երկխոսության միջոցով մեր խնդիրները լուծել, շատ ավելի դրական կլինի։
- Պարո՛ն Սուրենյանց, նշեցիք, որ հայ-ադրբեջանական երկխոսության մեջ Ռուսաստանի միջնորդության անհրաժեշտություն ունենալու ենք, բրյուսելյան հանդիպման ընթացքում էլ է նշվել հայ-ադրբեջանական հարաբերություններին աջակցելու մասին։ Հայաստանին ո՞րն է շահեկան:
- Պետք է հիմք ընդունել ռեալ-պոլիտիկը։ Այստեղ ցանկությունների խնդիր չէ, պարզ հաշվարկների խնդիր է։ Եվրոպական միությունը, իմ խորին համոզմամբ, չունի արդյունավետ գործիքակազմ, որպեսզի կարողանա Հարավային Կովկասում այս բարդ խնդիրները սպասարկել։ Իհարկե, ողջունելի է նրա կոնստրուկտիվ դերակատարությունը, բայց գլխավոր միջնորդի դերին Եվրամիությունը, ցավոք, հավակնել չի կարող։ Չմոռանանք նաև, որ տարաշրջանային այսօրվա ստատուս-քվոյի երաշխավորը Ռուսաստանն է՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթով։ Շատ ավելի իրական եմ համարում ՌԴ միջնորդական առաքելությունը, իհարկե, եթե ուկրաինական օպերացիայում այնպիսի ֆորս-մաժորներ չլինեն, որոնք Ռուսաստանի համար շատ անբարենպաստ հետևանքներ կունենան։
- Իսկ այս իրավիճակում, երբ Ռուսաստանը հակամարտության մեջ է, կարո՞ղ իր միջնորդական գործունեությունը լիիրավ իրականացնել:
- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այնպիսի վիճակում է, որ կորցնելու է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Իհարկե, ուկրաինական օպերացիան Ռուսաստանի սրտով չգնաց։ Իհարկե, Ռուսաստանի միանշանակ հաղթանակի մասին Ուկրաինայում խոսք լինել չի կարող, դա այդպես է, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ Ուկրաինայում Ռուսաստանը հայտնվել է այնպիսի վիճակում, որ կարող ենք խոսել նրա միանշանակ պարտությունից։ Հետևաբար, չեմ կարծում, որ ուկրաինական կամպանիան կբերի Ռուսաստանի դիրքերի թուլացմանը Հարավային Կովկասում, իսկ նման դիրքերի թուլացում կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ուկրաինայում Ռուսաստանը կատարյալ ձախողում կրի, ինչի հավանականությունը քիչ եմ համարում։ Ստեղծվելու է մի վիճակ, որը, կարծում եմ, թույլ է տալու, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը իր ազդեցությունը պահպանի և, ըստ այդմ, մնա հայ-ադրբեջանական դիալոգի և ԼՂ կարգավորման հիմնական մենեջեր։
Անուշ Մկրտչյան