Քաղաքական

Կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ «գերազանց և կառուցողական» որակելով հանդիպումը:

«ԵՄ-ի համար Հարավային Կովկասի բարգավաճումը, կայունությունը և անվտանգությունը հույժ կարևոր են: Այդ պատճառով էլ մենք ներգրավված ենք բոլոր դրական ջանքերին աջակցելու համար: Այս երեկո զգալի առաջընթաց արձանագրեցինք:

Բոլորս միասին որոշեցինք մեկնարկել խաղաղության կոնկրետ միջոցառում՝ խաղաղության բանակցության համար, որպեսզի, ի վերջո, նախապատրաստվի խաղաղության համաձայնագիրը: Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները:

Նաև համաձայնել ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որը պետք է անդրադառնա սահմանազատման հարցերին, որոնք շատ զգայուն են:

Առաջիկա շաբաթների ընթացքում կստեղծենք հաղորդակցության հզոր խողովակներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել այն ամբողջ առաջընթացը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում:

Դեռ վաղ է որևէ կանխատեսում անել, սակայն դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն ունեցան միմյանց անմիջականորեն հանդիպելու, լսելու միմյանց դիրքորոշումները և իմանալու՝ որոնք են դիմացի կողմի համար զգայուն թեմաները:

Միաժամանակ, ես երկու ղեկավարների հետ պարբերաբար հեռախոսակապ էի պահպանում: Մինչև այսօրվա երեկոյան ընթրիքը մենք նաև մեծ նախապատրաստական աշխատանք ենք կատարել անմիջական շփումների շնորհիվ:

Կարծում եմ՝ մենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ առաջընթաց ունենք: Բնավ չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու բարդությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն:

Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ արդեն լուծվել է: Այդուամենայնիվ, դա նշանակում է, որ կա առաջընթաց, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն հնարավոր տարրերը, որոնց շնորհիվ առաջընթաց կլինի, և, հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, բարգավաճում»,- ասել է Շառլ Միշելը։