Քաղաքական

Աշխարհաքաղաքական զարգացումներն ազդեցություն կթողնեն ԵԱՏՄ-ի տնտեսական մթնոլորտի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձել է նաև աշխարհաքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ դրանք իրենց ազդեցությունը կթողնեն ԵԱՏՄ-ի տնտեսական մթնոլորտի վրա։ Ըստ Փաշինյանի՝ այդ համատեքստում շատ կարևոր է քննարկել, թե ինչ օպերատիվ որոշումներ պետք է ընդունել՝ այդ բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու կամ, եթե հնարավոր է, շրջանցելու համար: 

Նրա խոսքով՝ 2021թ․ արդյունքները ԵԱՏՄ-ի համար դրական են եղել. «Ճիշտ է՝ 2021թ․, ընդհանուր առմամբ, ևս ճգնաժամային էր, սակայն առևտրաշրջանառության ծավալը ԵԱՏՄ-ի ներսում աճել է, և դա դրական ազդակ է բոլորիս համար: Շատ կարևոր է նշել, որ կա ներուժ՝ ընդլայնելու ԵԱՏՄ տարածաշրջանը, կան դիտորդ երկրներ, որոնց հետ մենք արդյունավետ համագործակցում ենք, դրանից բացի՝ կա հետաքրքրություն այլ երկրների կողմից: Դա նույնպես դրական գործընթաց է»։

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ կհաջողվի վարել այնպիսի քաղաքականություն, որ ներկա իրավիճակում ԵԱՏՄ-ն, որպես տնտեսական հարթակ, ամրապնդվի և շարունակի դրական ազդակներ տալ անդամ երկրների տնտեսության զարգացման համար: