Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը և «Jigsaw Google» ընկերության տնօրենը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում:

ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված բարենպաստ միջավայրն ու օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցության հաջող փորձը։

Արարատ Միրզոյանը և Ջարեդ Քոհենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները: Հաշվի առնելով «Jigsaw Google»-ի հետաքրքրվածությունը հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է այցելել Հայաստան։