Քաղաքական

Միութենական պետություն՝ նշանակում է ՀՀ ինքնիշխանության անվերադարձ կորուստ

Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում անդրադարձել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալուն՝ նշելով, որ այդպիսով Հայաստանը կարող է տարածաշրջանում դառնալ գործոն։

Radar Armenia-ն այս թեմավ զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի հետ։

- Պարոն Քոչինյան, Ռոբերյոտ Քոչարյանը, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, նշել է՝ «եթե գնում ես տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել միութենական պետության շրջանակներում»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյո՞ք այդպես հնարավոր է տարածաշրջանում դառնալ գործոն։

- Արդեն վաղուց ժամանակն է, որ Հայաստանում ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ենթարկեն մարդկանց, որոնք խոսում են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ։ Այն, ինչ ասում է Քոչարյանը, դա, բնականաբար, որևէ կապ չունի Հայաստանի հետ։ Եվ մի այսպիսի ցավալի արձանագրում էլ անենք. այն մրցավազքում, որ կա ներքաղաքական դաշտում, թե ով է ավելի ռուսամետ, Ռոբերտ Քոչարյանը գտավ մի շերտ, որտեղ իշխանությունը չի գնա. դա Հայաստանը միութենական պետություն մտցնելն է։ Այսինքն, ինքն արտահայտվեց կողմ՝ թքած ունենալով Հայաստանի ինքնիշխանության, ապագայի վրա, Հայաստանի՝ որպես պետության, գոյության վրա։ Մինչ այս պահը անզիջում պայքար էր գնում, թե ով է ավելի պրոռուսական։ Երկու կողմերն էլ, ըստ էության, ամեն ինչի պատրաստ էին, բայց Քոչարյանն արեց այդ վերջին քայլը և խոսեց պետության ու ինքնիշխանության դեմ։

- Այսինքն, գտնում եք, որ միութենական կազմի մեջ մտնելու մասին հայտարարություններն այնքան էլ տեղին չեն։

- Դա, առաջինը, դավաճանություն է։ Միութենական պետություն՝ նշանակում է Հայաստանի ինքնիշխանության անվերադարձ կորուստ, որովհետև դա կնշանակի քաղաքակիրթ երկրների շարքից անվերադարձ դուրս գալ։ Միջնաժամկետ կտրվածքով՝ միութենական պետությունը վեր է ածվելու ՍՍՀՄ-2-ի: Եթե որևէ մեկը խոսում է հօգուտ դրա, ինքը խոսում է ընդդեմ Հայաստանի անկախության, և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի։

- Իսկ եթե դա չէ Հայաստանի անվտանգության ճանապարհը, ապա ո՞րն է։

- Տարբերակը մեր տարածաշրջանում առկա անվտանգային ռիսկերը նվազեցնելն է։ Դա նշանակում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։ 

- Եվ դա, ըստ ձեզ, միա՞կ տարբերակն է։

- Այո։

Լուսինե Գրիգորյան