Քաղաքական

Ալիևի հայտարարությունները քարոզչական նպատակ են հետապնդում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս CNN Turk-ին տված հարցազրույցում նշել էր, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը նշեց, թե Ալիևի հայտարարությունները քարոզչական նպատակ են հետապնդում. «Ալիևը շարունակաբար հնչեցնում է հայտարարություններ՝ ներկայացնելով Ադրբեջանի բանակցային պայմանները խաղաղության պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ։ Սակայն նրա կողմից հնչեցրած հասկացությունների մեկնաբանությունը նույնպես հանդիսանում է բանակցությունների առարկա: Հետևաբար, Ալիևի նման հայտարարությունները բովանդակային չեն և հետապնդում են քարոզչական նպատակ»։

Ըստ Բեղլոյանի՝ Ալիևը զբաղվում է հակահայ հռետորաբանությամբ. «Ալիևը փորձում է արդարացնել 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից բազմաթիվ միջազգային նորմերի խախտումների անհերքելի փաստերը, այդ թվում՝ Հելսինկյան հիմնարար սկզբունքների ոտնահարումը, խաղաղ բնակչության ոչնչացումը, արգելված զենքի կիրառումը, արտասահմանյան վարձկանների օգտագործումը, մշակութային ցեղասպանությունը, հայատյացությունը և ռազմագերիներին չվերադարձնելը»։

Հարցին, թե Ադրբեջանի հետ երբ է հնարավոր ունենալ կարգավորված հարաբերություններ, պատգամանավորը նշեց. «Լավ հարաբերությունները երկրների միջև հաստատվում են երկարատև խաղաղության, քաղաքական, տնտեսական, մշակութային և պատմական կապերի, պետությունների միջև փոխադարձ հարգանքի շնորհիվ։ ժողովուրդները դրանք ձեռք են բերում երկարատև ժամանակահատվածում։ Կարծում եմ, դժբախտաբար, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հեռու են «լավ հարաբերություններ» կոչվելուց»։

Անուշ Մկրտչյան