Միջազգային

Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցությունը ցանկացած ձևաչափով նպաստավոր է

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, որը վերահսկում է հետխորհրդային տարածքում բազմակողմ համագործակցության հարցերը, ТАСС-ի հետ հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ զարգացման հեռանկարների, միության երկրների տնտեսական կապերի ու արտաքին գործընկներների՝ մասնավորապես Ադրբեջանի հետ հնարավոր տնտեսաքաղաքական համագործակցության մասին։


Անդրադառնալով ԵԱՏՄ-Ադրբեջան հնարավոր համագործակցության ֆորմատներին ու հնարավորություններն` Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանը և ընդհանուր առմամբ օգտակար կլիներ տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Դիվանագետի խոսքով անցած տարվա դեկտեմբերին Բաքվում Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի հարթակում Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ տեղի ունեցած փորձագիտական քննարկումների ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերվել այդ թեմայի նկատմամբ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ միության հետ փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվում է անդամ բոլոր պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի վերլուծության արդյունքներով:

 

Եվդոկիմովը նաև խոսել է Իրանի, Իսրայելի, Եգիպտոսի ու Հնդկաստանի հետ տնտեսական կապերի, ազատ առևտրի գոտիների համաձայնագրերի ու տնտեսական գործակցության հնարավոր հեռանկարների մասին։ Մասնավորապես Եվդոկիմովը նշել է, որ Իրանի հետ համագործակցությամբ լայնամասշտաբ համաձայնագրի շուրջ համապատասխան բանակցություններ սկսելու որոշումը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կայացրել են 2020 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականի սկզբից տեղի է ունեցել բանակցությունների առաջին փուլը և մի շարք խորհրդակցություններ։ Առաջիկայում նախատեսվում է նոր փուլ։ Մինչև լիարժեք փաստաթղթի ուժի մեջ մտնելը գործելու է ժամանակավոր պայմանագիր, որի գործողության ժամկետը երկարացվել է մինչև երեք տարի։