Հասարակություն

Արագածի լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ներդրման ծավալը կկազմի 190 մլն դոլար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախատեսվում է լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում։ Այն կառնչվի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին. «Ստեղծվելու է նոր էկոգյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով ու կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն։ Կառուցվելու է նաև լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով»։

Ըստ Քերոբյանի՝ ներդրումային ծրագիրը քննարկման էր ներկայացվել դեռ 2018թ. նոյեմբերին. իսկ 2020թ. մարտին փոխըմբռնման հուշագիր էր կնքվել, սակայն կորոնավիրուսի, պատերազմի և նոր մրցակցային ծրագրերի պատճառով այն ետ էր մղվել։ Հիմա, սակայն, հասել են ծրագրի հաստատման փուլին. «Մենք ստեղծում ենք օրինակելի համայնք, որը բարձրադիր այդ գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր, ինչը մեզ համար կարևոր է»։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ նախապես խոստացված ժամկետներում ծրագրերն իրականություն չդառնալու դեպքում կկիրառվեն որոշակի պատժամիջոցներ։ Ըստ փոխվարչապետի՝ արտոնություն տալով սահմանափակվում է այլ պոտենցիալ ներդրողների գործունեությունը, ուստի կարևոր են ժամկետները։