Տեսակետ

«Կենտրոնական Ասիայի համար պայքարը թեժանում է»․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Կենտրոնական Ասիայի համար պայքարը թեժանում է: Ռեգիոն շրջագայություն է սկսել Բրիտանիայի արտգործնախարար Քեմերոնը, որը այդ երկրի նախկին վարչապետն էր: Ընդհանրապես, երբ նա նշանակվեց արտգործնախարար, կարծիք հայտնեցի, որ նախկին վարչապետին արտգործնախարարի պաշտոնում նշանակելը ամենևին պարզապես նշանակում չէ, այլ վկայում է այն մասին, որ Բրիտանիան արտաքին քաղաքականության ոլորտում ձեռնմուխ է լինելու բավականին խորքային «ավելացման»:

Վերադառնալով Քեմերոնի այցին: Այն սկսվել է Տաջիկստանից: Ի դեպ, սա հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Տաջիկստանը Կենտրոնական Ասիայում Իրանին ամենից մոտ պետությունն է: Քեմերոնը հայտարարել է, որ երեք անգամ ավելացնելու են երկկողմ հարաբերության խորացմանը ուղղված միջոցները, նաև ստեղծում են ներդրումային հիմնադրամ:

Այսօր Քեմերոնը ժամանում է Ղազախստան: Ընդհանրապես, Բրիտանիան Ղազախստանում ունի էական ներկայություն, անգամ ավելին, քան Թուրքիան, և բավականին մրցակցային՝ Ռուսաստանի և Չինաստանի ներկայության համեմատ: Կա մոտ 600 կազմակերպություն՝ բրիտանական մասնակցությամբ: Նաև կան երկկողմ էական համաձայագրեր, դեռևս Նազարբաևի նախագահության ժամանակից կնքված:

Անկասկած է, Քեմերոնը գնում է այն ռազմավարական նպատակի «հետևից», որ նախորդ տարի Բաքվում բարձրաձայնել է Եվրոպայի հարցերի նախարար Դոգերթին՝ Կովկաս ռեգիոնալ այցի ընթացքում: Նա հայտարարեց, որ Բրիտանիայի համար ռազմավարական առաջնահերթություն է Միջին միջանցքը՝ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա: 

Այդ առումով ուշադրության է արժանի, որ Բրիտանիայի արտգործնախարարի Կենտրոնական Ասիա կատարելիք այցից գրեթե անմիջապես Կովկասի ուղղությամբ ակտիվություն ցուցաբերեց Ղազախստանի նախագահը՝ մարտի վերջին այցելելով Բաքու, իսկ մոտ մեկ ամիս անց՝ Երևան, և ինչպես նախօրեին հայտարարեց Ալիևը՝ Աստանան առաջարկ է արել կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:

Երևանն առայժմ լուռ է, գոնե մինչ այս պահը չի մեկնաբանել Ալիևի այդ հայտարարությունը: Ավելին ասեմ, չեմ բացառում, որ Ղազախստանի նախագահը էական դեր է ունեցել ապրիլի 19-ի հայ-ադրբեջանական հայտարարության հարցում: Չեմ ասում բացարձակ դեր, բայց ենթադրում եմ՝ էական: Եվ այստեղ հարց է, թե արդյո՞ք դեր ունեցել է Բրիտանիան, և կարո՞ղ է արդյոք դա լինել օրինակ պատճառը, որ Ֆրանսիան առ այսօր ձեռնպահ է մնում այդ համաձայնությունը ողջունելու հանգամանքից»: