Քաղաքական

Հայաստանի համար առանցքային է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Մայիսի 17-18-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի համանախագահությամբ տեղի է ունեցել  արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը:

Նիստերին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, Արդարադատության, ՆԳ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, վարչապետի աշխատակազմի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի և այլ կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ  չնայած մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, Հայաստանը հաստատակամորեն կյանքի է կոչում ամուր ժողովրդավարություն կառուցելու իր նպատակը: Ընդգծվել է, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել այս առումով, և ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը և օրենքի գերակայության ու արդարության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում առանցքային է ԱՄՆ հետ սերտ համագործակցությունը ու տարիներ շարունակ ամերիկյան կողմի ցուցաբերած աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանմանը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների ամրապնդմանը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին: Քննարկվել են կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների ամրապնդման ու այս ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև մասնակցային կառավարման խթանման հարցերը: Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և  իրականացվելիք քայլերը։