Քաղաքական

«Տպավորություն է՝ կալանավորումներն օգտագործվում են որպես պատժի և խոստովանություն կորզելու միջոց». Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է կալանավորումների միջնորդություններին։ Պատգամավորի խոսքով՝ 2018թ. համեմատ 2023-ին կալանավորումների կրկնակի աճ կա. «Միջնորդությունները 2.5 անգամ են աճել, իսկ կալանքը՝ գրեթե կրկնակի»։ Թորոսյանը նաև նշել է, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե կալանավորումներն օգտագործվում են որպես պատժի և խոստովանություն կորզելու միջոց։ Նա նաև ասել է, թե «Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է հատկապես ձեր պաշտոնավարման ժամկետի հետ»։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ քրեական հետապնդման ենթարկված անձանց ու կալանավորումների թվի համամասնությունը 20% է. «Մեծ առումով, կալանքների նվազում կա, որովհետև առկա է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք, որն ակտիվորեն կիրառվում է դատարանի կողմից»։