Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի գույքը կալանքի տակ է վերցվել

Ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նրա մերձավորներին պատկանող գույքի նկատմամբ։ Դատախազությունն այս կապակցությամբ դիմել է դատարան, որն էլ բավարարել է միջնորդությունը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց. «Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։ Նրանց պատկանող գույքի մասով  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ավարտվել է ուսումնասիրությունը, և նրանք հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար, սակայն այս պահի դրությամբ դեռևս չեն ներկայացել»։ 

Հիշեցնենք, որ դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, որդու կինը՝ Էմմա Ծառուկյանը, որն ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրն է։ Դատախազություն են հրավիրվել նաև Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։