Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր սոցիալական մեդիա կոչվածը դարձել է քաղաքական ու մշակութային զարգացումների այն հիմնական գործիքակազմը, որի միջոցով 21-րդ դարի զարգացումներում միջին վիճակագրության մարդու դերն ունի շատ մեծ նշանակություն։
Շատերին թվում է, որ միայն հայկական սոցիալական իրականությունում է առկա տեղեկատվական ազատություններից եկող հագեցվածություն, բայց այն միանշանակ կրում է գլոբալ բնույթ, և այսօր համաշխարհային կրթական համակարգերի առաջնային խնդիրներից մեկը պետք է դառնա հանրային խոսքի զարգացումը։ Իհարկե հանրային խոսքի դրսևորումները, ըստ սոցիալական միջավայրերի, որոշակիորեն տարբեր են լինում, բայց գրեթե բոլոր միջավայրերում էլ դոմինանտող է վիրավորական արտահայտչաձևերի կիրառումը։ Հայկական մեդիա հարթակներում առկա հայհոյախոսությունը առանձնանում է նրանով, որ հայերի մոտ հայհոյելու «մշակույթը» իր գռհեկությամբ ավելի շատ կոպրոլալիա է, դրա համար էլ այն թվացյալ կերպով նույնականացվում է դիտավորյալ կերպով արվող ատելության քարոզի հետ, իհարկե կան որոշակի խմբեր, որ ունեն նման նպատակներ, բայց մեծամասնության առումով այն չունի հասարակական անհաշտություն տարածելու նպատակներ, այլ ընդամենը խոսքի ցածր մշակույթ ունենալու արդյունք է։
Այս ամենի մասին խոսեցի, որպեսզի հասկանանք, որ այս խնդրի մասով հայկական իրականությունը դուրս չէ աշխարհից, այսինքն այս նույն խնդիրը կա նաև մեզանից շատ ավելի զարգացած միջավայրերում, և դրա դեմ ոչ թե պայքարում են պահի ազդեցության տակ կատարվող որոշումներով, այլ երկարատև առումով քաղաքականություն են մշակում, որ կարողանան նվազեցնել վիրավորանքի լեզուն՝ չվնասելով մարդկային ամենամեծ արժեքներից մեկը՝ խոսքի ազատություն կոչվածը։
Այո՛, շատ դժվար է հանդուրժողականության գիտակցումն ու կիրառումը, բայց համերաշխ հասարակություն ունենալու համար այն այլընտրանք չունի»։