Երևանի ընտրություններ - 2023

«Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանում անցկացված ավագանու ընտրությունների վերաբերյալ։
 
«Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է, և սա մեծ հպարտություն է մեզ համար:
 
Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է և ամենամեծ խմբակցությունը կունենա Երևանի ավագանիում:
 
Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին քվե տված քաղաքացիներին: Ընտրություններին այս կամ այն պատճառով չմասնակցած մարդկանց ձայնը նույնպես լսում ենք:
 
Առջևում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ հանուն Երևանի, հանուն անկախ Հայաստանի: «Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին և իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը:
 
Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք: Մեր նպատակը ձեզ ծառայելն է»,- ասված է հաղորդագրության մեջ: