Երևանի ընտրություններ - 2023

«Կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ ստանա, բայց պայմանով». Թևանյան

«Ուղղակի բանակցություններ չկան». հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը՝ Հայկ Մարությանի հետ կոալիցիա կազմելու և նրան քաղաքապետ ընտրելու մասին հարցին ի պատասխան։

Թևանյանը նշել է, որ պատրաստ են քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերն այն դեպքում, երբ ուժը կիսի իրենց տեսակետներն ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։ Թևանյանը նշել է, թե իրենց խնդիրը ոչ թե իր՝ քաղաքապետ դառնալն է, այլ իշխանափոխությունը․

«Եթե վերցնենք այն տոկոսները, որ իրենք հավաքել են ոչ իշխանական դաշտից, ապա մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում․ կարող ենք օգնել, որ ինքը համապատասխան ձայներ ստանա, բայց դա կանենք այն դեպքում, եթե պարզվի, որ կիսում է մեր օրակարգն ամբողջական իշխանափոխության մասով»,- ասել է Թևանյանը՝ հավելելով, որ իրենք չեն հավակնում որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել։

Ըստ նրա՝ երբ այդ մասին հայտարարություն լինի, իրենք կշարունակեն քննարկումները. «Խնդիրն այն է, որ եթե առանձին վերցրած քաղաքապետի խնդիր է լուծվում, դատելով մեր օրենսդրությունից, կոնֆիգուրացիայից, որ քաղաքական դաշտում կա, Երևանի քաղաքապետը եթե չի գնում գործարքի կառավարության և Փաշինյանի հետ, օբյեկտիվորեն չի կարող իրականացնել ծրագիրը, որովհետև Երևանի բյուջեի 63%–ը կենտրոնական համակարգից է սնվում։ Եթե մեկ անգամ չեն թողել, որ աշխատի, մյուս անգամ էլ չեն թողնի։ Հետևաբար, դու պետք է փոխես իշխանությունը, որ Երևանը դառնա ինքնակառավարվող»։

Նա վստահեցրել է, որ իրենց ընտրացուցակում չկան մարդիկ, որ համագործակցության կգնան իշխանությունների հետ։