2018թ․ Երևանի ավագանու ընտրությունները հաղթած թիմի 90 տոկոսը շարունակում է մնալ նույն քաղաքական թիմում։ Այս մասին ՔՊ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիւնյանը։
«Մեր քաղաքական թիմը պատվով է կատարել Երևանի կառավարման գործը, այս ընթացքում ահռելի գործ ենք կատարել, դա է պատճառը, որ քաղաքապետի մի շարք ընդդիմադիր, նախկինում մեզ հետ աշխատած թեկնածուներ հիմա այդ աշխատանքը փորձում են ատամներով և եղունգներով քաշել իրենց կողմը»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այսօր իրենց մեղադրում են նախկին բարքերը վերադարձնելու և վարչական ռեսուրսներն օգտագործելու համար։
«Ով վարչական ռեսուրսով է եկել, թող գնա։ Վարչական ռեսուրսով գալը և բերելն անարգանք է և՛ եկողի, և՛ բերողի նկատմամբ։ Մենք այդ անարգանքին մեզ չենք ենթարկի։ Երևանը որդեգրել է ինձ հարազատի նման։ Այսօր ինձ մեղավոր եմ զգում Երևանի համար, որովհետև հանրապետությունում, Երևանում տագնապ կա, բայց նաև ուզում եմ մենք բոլորս հասկանանք այդ տագնապի խորքը, պատճառները»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը բացատրել է, որ շատերն օգտվելով ԼՂ-ի հարցի և կարգավիճակի նկատմամբ իրենց կենտրոնացվածությունից՝ օգտագործել են կամ փորձել են դա օգտագործել որպես շեղող մանևր՝ ՀՀ կարգավիճակը կասկածի տակ դնելու համար։
«Ինչո՞ւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել ՀՀ-ն, կասկածի տակ դնել անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը։ Բայց հիմա, կրկնում եմ, ոչ 1999թ․-ն է, ոչ 27-ն է, ոչ հոկտեմբերն է, ոչ էլ 2020 թիվն է։ 2023 թ․-ն է, և ՀՀ-ն ինքնիշխան, հպարտ, միասնական, հաստատակամ ընդգծում է իր մայրաքաղաքը որպես պետականության ամենամեծ սինվոլ»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ասել է, որ Երևան քաղաքն ազատագրել են քրեական տարրերի գերիշխանությունից։
«Անկախությունից ի վեր Երևանում այս ծավալի դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն չի եղել, որքան 2022-23թթ.»,- ասել է նա։
Նա բոլոր երևանցիներին խնդրել է, հորդորել, պահանջել սեպտեմբերի 17-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել համար 2 քվեարթերթիկը ոչ միայն հանուն վերելակի, հանուն ավտոբուսի, հանուն բակի, հանուն մանկապարտեզի, հանուն դպրոցի, այլ այն գիտակցությամբ, որ այդ մանկապարտեզում և այդ դպրոցում կոփվում են ՀՀ պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։