«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական երթին հաջորդած հանրահավաքի մեկնարկին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց բոլոր վարչական շրջանի բնակիչներին։
«Երեք շաբաթ չէ, որ շրջում ենք բոլոր թաղերով և փողոցներով, արդեն մոտ մեկ տարի բակ ու փողոց չի մնացել, որ չենք այցելել, չենք խոսել Երևանի ու մեր խնդիրների մասին»,- նշեց Ավինյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ այս ընտրությունները քաղաքական են, որովհետև եթե տասնամյակներով կառուցեինք մեր մանկապարտեզները, բակերը, շենացնեինք մեր դպրոցները, բարձրացնեինք մեր համալսարանների որակը, կհզորանային մեր տնտեսությունն ու մեր բանակը, և գուցե շատ բաներ այլ կերպ լինեին։
«Մենք այլևս ժամանակ չունենք սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու։ Մենք ունենք ժամանակ միայն քրտնաջան աշխատելու, վերականգնելու Երևանի բոլոր ենթակառուցվածքները»,- ասաց Տիգրան Ավինյանը։