«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական երթին հաջորդած հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը խոսեց կարգախոսի մասին՝ «Ասեք՝ կանենք»։
«Այս կարգախոսով մենք 2 իմաստ ենք ընդգծում՝ Երևան քաղաքում ասողը Երևանի ընտրողն է, ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու, երկրորդը՝ համայնքի, մայրաքաղաքի ոգու ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցությունը, որ երևանցին մասնակցի Երևանի նոր ծաղկունքին, նոր վերելքին»,- նշեց վարչապետը։
Նա նաև անդրադարձավ երեկ Հանրայինի եթերում տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետերի թեկնածուների բանավեճին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերոջը, մեր թիմակցին՝ Տիգրան Ավինյանին, ով ներկայացավ որպես գործուն, իրավիճակին տիրապետող, որպես իսկական քաղաքապետ, ով նոր արագություն է տվել Երևանի 2018թ, նախընտրական ծրագրի իրականացմանը։ Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց, ովքեր արհամարհեցին բանավեճի հարթակը։
Բեմում կանգնել, վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ, սա հեղափոխության արժեք է, սա ազատություն է։ Բոլոր բեմերն ազատ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Հարցեր եք բարձրացնում, մեղադրանքներ հնչեցնում։ Գնայիք, նայեիք ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ և շփացնեիք Ձեր ասելիքը։ Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Վախենում եք՝ կարող է պարզվել, ոչ թե Ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում և ուրիշի գրած սցենարով եք խաղում»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև անդրադարձավ մեկ այլ բանավեճի չմասնակցողի, ով, վարաչպետի խոսքով, երևանցիներին կոչ էր անում քվեներով կրակել։
«Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր, ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք։ Կրակելուց խոսողներին, Երևանն արյունով վերցնողներին խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել։ Սա Ձեր ու Ձեր կնքահայրերի համար 1999թ․ չէ, հոկտեմբերը չէ և առավել ևս՝ 27-ը չէ։ Սա 2023-ն է, սեպտեմբերն է և 17-ն է։ Երևանցիներն իրենց քվեարկությամբ բանավեճը, քաղաքական մրցակիցներին և Երևանի ընտրողներին արհամարհողներին պետք է զրկեն Երևանի քաղաքապետի թեկնածուի գրանցումից։ Դուք այդ հնարավորությունն ունեք»,- նշեց վարչապեը։