Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող թեկնածուներին։
«Հանրային ձայն» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը, որ առավել հայտնի է «Վանոյի Արտակ» անունով։ Նա նախկին ոստիկան է և այժմ կալանավորված է կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի՝ Դոգի հետ առանձնապես խոշոր չափերի շորթման մեղադրանքով։ Նրանց «զոհերի» թվում է նաև Տիգրան Արզաքանցյանը։ Ի դեպ, Գալստյանը նախկինում ևս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում՝ 2015թ. «Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու համար։ Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը «Հանրային ձայն» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Նա Երևանի փոխքաղաքապետն է, 2018-2021թթ. եղել է Հայաստանի փոխվարչապետ, կորոնավիրուսի համավարակի օրերին՝ հանրապետության պարետ։ Նախքան թավշյա հեղափոխությունը Տ. Ավինյանը եղել է Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ 2017-2018թթ.: 2019-2023թթ. հանդիսացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ։ 2022թ.-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ ՔՊ հիմնադիրներից է, ՔՊ վարչության անդամ։
«Արդար Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Նորիկ Նորիկյանը։ Փաստաբան է։
Ի թիվս մի շարք գործիչների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատրյանի և այլն, 2007թ. եղել է «Այլընտրանք» հասարակական միավորման անդամ։ «Այլընտրանքը», հիշեցնենք, 2008թ. պաշտպանում էր հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ 2009-2012թթ․ Նորիկյանը աշխատել է ՊՆ-ում՝ որպես նախարարին առընթեր հասարակական խորհրդի իրավաբան։ 2012 թվականից մինչ օրս հանդիսանում է «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենը։ 2021թ. հիմնադրել է «Արդար Հայաստան» կուսակցությունը։
«Հաղթանակ» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Վիկտոր Մնացականյանը։ Նա 2018թ. նշանակվեց Երևանի Կենտրոն շրջանի ղեկավար, սակայն մեկ տարի անց՝ 2019թ., հեռացավ։ 2008-2011թթ. եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը։
2017թ.-ից եղել է հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրենը։ «Պահպանվում է երևանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնության անդամ է։ Նրա հորեղբայրը՝ Մխիթար Մնացականյանը ԲՀԿ քվոտայով 2009-2010թթ․ եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը։
Եղել է Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օպերլիազոր, այնուհետ՝ ավագ տեսուչ-թարգմանիչ, 17 տարի աշխատել է գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետ։ Գեներալ-մայոր է։
«Հայաստանի եվրոպական կուսակցության» ընտրացուցակը գլխավորում է ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը։
Եղել է նաև հեռուստալրագրող, աշխատել որպես ՄԱԿ հայաստանյան գրասենյակի տեղեկատվության բաժնի փոխտնօրեն։ 1997-2005թթ. գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան։ Հայտնի է իր հակառուսական հայացքներով։
Խզմալյանը ժամանակին Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած ԱԺԲ-ի անդամ է եղել, սակայն 2021թ. տարաձայնությունների պատճառով դուրս է եկել ԱԺԲ խորհրդի կազմից։ Ավելի վաղ նաև՝ Սեֆիլյանի «Սասնա ծռեր» կուսակցությունից։ Այնուհետ նա հիմնել է Հայաստանի եվրոպական կուսակցությունը։
«Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակի առաջնորդը Հայկ Մարությանն է։
Նա 2018-2021թթ․ եղել է Երևանի քաղաքապետ։ Հայտնի դերասան է, նկարահանվել է հումորային նախագծերում, 1990-ականներին եղել «Հայկական նախագիծ» ՈւՀԱ-ի անդամ։ Մարությանը նաև հասարակական գործունեություն է ծավալել․ 2013թ. մասնակցում է տարբեր հակակառավարական ակցիաների՝ Երևանի տրանսպորտի թանկացման դեմ, «Էլեկտրիկ Երևան» ևն։
Մարությանին պաշտոնանկ արեց «Իմ քայլը» խմբակցությունը։ Պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց նա վերադարձավ բեմ՝ «Քաղաքապետը» ներկայացմամբ։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը։ Ընտրարշավի ժամանակ առաջարկեց, որ ընդդիմադիր թեկնածուները միավորվեն իր շուրջ, սակայն առաջարկը չստացավ արձագանք։
«Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը. նա այդ կուսակցության քաղխորհրդի անդամ է, հիմնադիր անդամներից մեկը։ Երկար տարիներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, եղել է ընդդիմադիր գործիչ։ Զեյնալյանը իրավապաշտպան է։ 2018-2019թթ․ եղել է արդարադատության նախարար։ Զեյնալյանը մասնագիտությամբ բժիշկ է, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին, 1992թ.՝ 23 տարեկանում, ռազմադաշտում վիրավորվել է՝ կորցնելով ոտքը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Երվանդ Թարվերդյանը։ Նա գործարար է։
Ավարտել է ռուսական մաքսային ակադեմիան, ստացել մաքսային ոլորտի ղեկավարի որակավորում։ 1993-2003թթ․ աշխատել է Հայաստանի մաքսային ծառայությունում՝ մաքսային տեսուչից մինչև բաժնի պետ: Այնուհետ եղել է «Արարատ» սննդի կոմբինատի և «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն։
Դավիթ Խաժակյանը գլխավորում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը։ Նա 29 տարեկան է, ավարտել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը։
2017-2018 թվականներին «Ելք» դաշինքի՝ խորհրդարան անցնելուց հետո աշխատել է Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ է։
Սուրեն Պետրոսյանը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարն է։ Նա թենիսիստ է, նաև քաղաքագիտության մագիստրոսի կոչում ունի։
2014-16թթ. աշխատել է տրանսպորտի և կապի նախարարությունում։ 2021թ. հիմնադրել է ԺՀԿ-ն։ Նա հայտնի դարձավ 2022թ. Աղավնոն չլքելու մասին կոչերով, երբ ինքն էլ բնակության տեղափոխվեց Աղավնո։
Մանե Թանդիլյանը գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը, մասնագիտությամբ հաշվապահ է։ Մինչև 2017թ. աշխատել է տարբեր մասնավոր ընկերություններում։
2009-2018 թվականներին աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ Թանդիլյանն ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ է եղել, 2017թ. պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքով, 2018թ.՝ ԼՀԿ ընտրացուցակով։ 2018թ. հեղափոխությունից հետո եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Պաշտոնից հրաժարական է տվել ընտրություններին մասնակցելու համար։ 2020 թվականի օգոստոսին Թանդիլյանը հրաժարվել է մանդատից՝ հայտարարելով, որ ունի առողջական խնդիրներ և բուժման նպատակով պետք է մեկնի արտասահման։ Ապա 2020թ. նոյեմբերին նշանակվել է ԼՂ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հրաժարական տվել 2021թ.։
Թանդիլյանը 2021թ. Մեսրոպ Առաքելյանի հետ հիմնադրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Նրանց սատարում է ռուսաստանահայ գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Անդրանիկ Թևանյանը գլխավորում է Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» և Մանուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից կազմված «Մայր Հայաստան» դաշինքը։ Տնտեսագետ է։ 1999թ. եղել է էկոնոմիկայի նախարարի խորհրդական։
Նա տնտեսական հաղորդումներ է վարել Հանրայինում, ապա՝ ԱՐ հեռուստաընկերությունում։ Թևանյանը 7or.am կայքի հիմնադիրն է։ Նա պատգամավոր է ընտրվել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից, սակայն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար վայր է դրել մանդատը։
Նա համարվում է Քոչարյանի մերձավորներից մեկը, ում սատարում է նաև ՀՅԴ-ն, Վազգեն Մանուկյանը, ԱԱԾ նախկին՝ պաշտոնաթող աշխատակիցների միությունը և այլն։