ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձել է նախընտրական հանդիպումներին վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտարարություններին․
«Վարչական ռեսուրսի բոլոր տեսակի չարաշահումներին մենք վատ ենք վերաբերում և կոչ ենք անում՝ եթե որևէ մեկին որևէ սպառնալիք, պարտադրանք կամ այլ վերաբերմունքով որևէ տեղ կհրավիրեն, թող իմանան՝ մենք այդ արժեքներին դեմ ենք։ 2018թ. հեղափոխության արժեքները դրանք մերժում են։ Անկեղծ ասած՝ մենք դրա կարիքն էլ չունենք։ Հետևապես, եթե կուզեն՝ թող դիմեն մեզ, եթե կուզեն՝ ոստիկանություն, դիմեն ինձ՝ թեկուզ անանուն, և ես խոստանում եմ անձամբ պատժել մարդուն, որ նման բան է արել»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսի կիրառման նպատակը մեկն է եղել՝ լեգիտիմացնել հետագայում կեղծվելիք, ընտրակաշառքով կազմակերպվող ընտրությունները. «Քանի որ մենք նման պրոցեսների էջն առհասարակ փակել ենք մեր կյանքից, Հայաստանի պատմությունից, հետևաբար, նման բանի կարիք չունենք։ Մեզ հետ շրջում եք, տեսնում՝ ինչպես են մեզ դիմավորում մարդիկ։ Այո, բացասականն էլ կա, ոչ բոլորն են դրական արձագանքում, խնդրում եմ տեսնել՝ քանի հոգի է դրական, քանիսը բացասական արձանագրում։
Ու վերջապես, երբ ասում ենք, որ Երևանում հիմնանորոգում ենք պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, հիմնանորոգում ենք տասնյակ մանկապարտեզներ, էդ մարդիկ էնտեղ աշխատում են։ Երբ ասում ենք՝ մանկապարտեզներում բոլորի աշխատավարձը վերանայում ենք, այդ մարդկանց շրջանակում այդ հիմնանորոգումները, բարեփոխումները հաշվի առնելով՝ մեր աջակիցները կա՞ն, թե՞ չկան»։