ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շարունակել է նախընտրական քարոզարշավն Արաբկիրում։
Նա նշել է, որ հիմնական հանձնարարականներն առնչվել են բակային հատվածների, ֆուտբոլի դաշտերի ստեղծմանը, մանկապարտեզների, բակերի հիմնանորոգմանը. «Սրանք այն ծրագրերն են, որոնք մեծ ծավալով իրականացնում ենք նաև Արաբկիրում»։
Ավինյանի խոսքով՝ իրենք պլանավորում են վերականգնել մայրաքաղաքի բոլոր բակերը, որտեղ հնարավոր է ունենալ ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ, հանգստյան գոտիներ, կանաչապատ տարածքներ. «Գալիք հնգամյակում համայնքապատկան բոլոր դպրոցներում մեծածավալ ծրագրեր ենք պատրաստվում իրականացնել»։
Տիգրան Ավինյանը նաև խոսել է Կիևյան կամուրջի հիմնանորոգման մասին. «Կամրջի հիմնանորոգման նախագիծը առկա է։ Կամուրջը բավական վտանգավոր վիճակում է։ Այս տարի կսկսենք հիմնանորոգումն իրականացնել։ Հաջորդ տարի աշխատանքներն ավարտին կհասցվեն»։
Նա տեղեկացրել է, որ այս տարի մեծ ուշադրություն են դարձրել ենթակառուցվածքներին՝ կամուրջներին, էստակադաներին, հիմնանորոգել են Հաղթանակի, «Վստրեչի» կամուրջները, մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտակա էստակադան։