Երևանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 1in.am-ի եթերում պատասխանել է վարչական ռեսուրս կիրառելու մասին հարցին՝ դա որակելով որպես կեղծ ինֆորմացիա։ Նա նշել է երեք տարբերակ, թե ինչ պետք է անել, եթե որևէ մեկին պարտադրողական կերպով կստիպեն ներկայանալ որևէ հավաքի։
«Շատ վտանգավոր թեմա է, որը կարող է մոլորեցնել որոշ մարդկանց։ Նախ, ինչ վերաբերում է ցուցակներին։ Ընտրողների ցուցակները, եթե չեմ սխալվում, elections.am և police.am կայքերում դեռևս 1 ամիս առաջ հրապարակված էին, դա բաց ինֆորմացիա է։ Շտաբային աշխատանքի համար ամեն շտաբ արտատպում է համակարգից, բոլորը կարող են օգտվել։ Ցուցակները ճշտելու համար մարդկանց հետ աշխատանք են տանում․ հասկանում են՝ ով իրականում կա դեռ, չկա։ Դա շտաբային տրամաբանական աշխատանք է»,- նշել է Ավինյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ ցուցակների հետ կապված խնդիրները երբ ժամանակին բարձրաձայնում էին, դա ուղիղ կապված էր ընտրակաշառքի հետ։
«Խնդրում եմ այստեղ չխառնել շտաբային քարոզչական աշխատանքն իրական հանցագործության հետ։ 2018 թվականի հեղափոխության համար մենք մեր ամբողջ կյանքը պայքարել ենք, պայքարել ենք ամեն ինչի գնով, և այն ուժը, որը պայքարել է առաջին օրվանից ամենակարևորի՝ ժողովրդավարության հաստատման համար, ոչ մի իշխանություն և ոչ մի պաշտոն իրեն չի ստիպի այդ արժեքներին դեմ գնալ»,- ասել է նա։
Ավինյանը նշել է, որ կան մարդիկ, ովքեր զգացել են՝ միգուցե խայտառակ պարտության են մատնվելու, արդեն սկսում են խոսել հին ժամանակների թեզերի մասին՝ կեղծիք ընտրակաշառք։
«Ակնհայտորեն կեղծ ինֆորմացիա է։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը մանկապարտեզների, դպրոցների տնօրենների մասով, ես պատասխանատու հայտարարում եմ․ եթե որևէ մեկին պարտադրողական կերպով որևէ հավաքի կստիպեն ներկայանալ, վստահ երեք տարբերակ եմ առաջարկում․ առաջին՝ դիմել ոստիկանություն, երկրորդ՝ գրել ինձ, և ես խոստանում եմ անձայն, անձամբ պատժել այն մարդուն, ով նման բան է արել։ Տարբերակ երրորդ՝ գրել ինձ անանուն, և ես խոստանում եմ, այդ մարդը նույնպես արդյունքը կտեսնի, եթե դա իրականություն է»,- նշել է Ավինյանը։
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրենք քարոզարշավների ժամանակ կարիք չունեն որևէ տեղում ավել մարդ ցույց տալու, քանի որ դրա կարիքն իսկապես չկա։
«Եկեք, լուսաբանեք մեր քարոզարշավը, տեսեք քանի հոգի է միանում մեզ, ինչ են խոսում»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է «ֆիքսողներին» և կեղծ ինֆորմացիա տարածողներին, Երևանի փոխքաղաքապետի կարծիքով՝ իրենք բացի նման բաներից ոչինչ չունեն անելու, քանի որ դա իրենց պրոֆեսիոնալ աշխատանքն է։ «Իրականում՝ հետևել եմ, իրենց նյութերի 70-80 տոկոսի մեջ կա մանիպուլյացիոն հատված»։
Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ 24 մանկապարտեզ են հիմնանորոգում, տարածքներն ընդլայնում, խմբեր ավելացնում և որևէ մանկապարտեզ սեփականաշնորհելու մտադրություն չունեն։
«Հիմա ակտիվ քննարկում ենք դաստիարակներից մինչև մանկապարեզների տնօրենների աշխատավարձերի բարձրացման հարցը, քանի որ այս մարդիկ մեր բոլոր նախորդ ծրագրերից դուրս մնացին։ Ահռելի ծավալով բարելավումներ ենք իրականացրել՝ աշխատավարձերը վերանայելով։ Ձեր կարծիքով՝ իրենց ինչ-որ զանգված մեր աջակի՞ցն է, թե՞ ոչ»,- նշել է Ավինյանը։
Նա նաև հավելել է, որ մարդիկ 2018թ․-ից ՀՀ ամբողջ տարածքում իրենց մտքի, կամքի, բոլոր տեսակի ազատությունները վերականգնել են, և հիմա որևէ մեկը մյուսին չի կարող սպառնալ։